Ուրբաթ, 15 Հուլիսի 2011 17:26
Հայաստանում մեկնարկել է ProCredit Bank-ի ՙԵրիտասարդ Բանկիրների ծրագիրը՚
Արմինֆո. Այս շաբաթ հաջողությամբ մեկնարկել է ՊրոԿրեդիտ Բանկի ՙԵրիտասարդ Բանկիրների ծրագիրը՚:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՊրոԿրեդիտ Բանկի մամուլի ծառայությունից, վեց ամիս տևողությամբ այս բացառիկ ծրագրին մասնակցում են մրցութային կարգով ընտրված 24 խոստումնալից երիտասարդներ, ովքեր ձեռք կբերեն բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:
Ընտրված մասնակիցները ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի տնտեսագիտական և տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ և մագիստրատուրայի ուսանողներ են, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա:
Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու ծրագրի ընթացքում նրանց կատարողականը՝ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հեռանկարային աշխատանքի առաջարկ կստանան ՊրոԿրեդիտ Բանկի կողմից և կհամալրեն աշխարհի 21 երկրներում գործող խոշոր բանկային խումբը:
ՙՄենք հավատացած ենք, որ մեր կողմից ընտրված երիտասարդների ստացած գիտելիքներն ու եռանդը կնպաստեն ոչ միայն ՊրոԿրեդիտ Բանկի հաջողություններին, այլև Հայաստանի բանկային համակարգում որակյալ երիտասարդ կադրերի աճին՚, ասել է Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Ավթանդիլ Գոգոլին: