Երեթշաբթի, 9 Օգոստոսի 2011 20:51
2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ամերիաբանկը 58.6 տոկոսով մեծացրել է պլաստիկ քարտերի թվաքանակը
Արմինֆո. 2011 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ամերիաբանկը 58.6 տոկոսով մեծացրել է պլաստիկ քարտերի թվաքանակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, քարտերի սպասարակումն առավել արդյունավետ և համակողմանի դարձնելու նպատակով Բանկը մեծ ներդրումներ է կատարել բանկոմատների ցանցի ակտիվ ընդլայնման ուղղությամբ:
Ներկայումս Երևան քաղաքում տեղադրված են ArCa, VISA, VISA Electron և MasterCard վճարային քարտեր սպասարկող 59 բանկոմատ, ՀՀ մարզերում` 15, ԼՂՀ-ում`2:
Ամերիաբանկը, ակտիվ գործունեություն ծավալելով Բանկի վճարային քարտերի զարգացման և դրանցով կատարվող գործարքների բարելավման ու կատարելագործման ուղղությամբ, զգալիորեն ընդլայնել է սպասարկվող քարտերի քանակը` հասցնելով այն 22,606-ի: 31.07.2011թ. դրությամբ քարտերի քանակի աճը տարեսկզբի համեմատ կազմել է 58.6%:
Աղբյուրի համաձայն, 31.07.2011թ. դրությամբ Ամերիաբանկի քարտերով կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 59.9%-ով, իսկ կատարված գործարքների քանակը գրեթե կրկնապատկվել է` աճելով 92.5%-ով: Տարեսկզբից մինչև 31.07.2011թ. Բանկի քարտերով իրականացված կանխիկ և անկանխիկ գործարքների ծավալը կազմում է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որի 25.4%-ը կազմում են անկանխիկ գործարքները:
Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև առևտրի և սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: 31.07.2011թ. դրությամբ Բանկի POS տերմինալների թիվը կազմում է 474, որը տարեսկզբի նկատմամբ աճել է մոտ 146%-ով:
Հոգ տանելով նաև իր քարտապանների առավել հարմարավետ և արտոնյալ սպասարկման մասին, Ամերիաբանկը քարտերի միջոցով զեղչեր տրամադրող առևտրի և սպասարկման կետերի թիվը հասցրել է շուրջ 200-ի, իսկ զեղչերի մեծությունը` մինչև 40%:
Նշենք, որ “Ամերիաբանկ” ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկի մաժորիտար բժնետերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ ընկերության հետ փոխկապակցված` TDA Holdings Limited ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է 99.99%: