Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2011 20:11
ԱՊՊԱ-ն դաստիարակեց հայ վարորդներին, փոխելով նրանց վերաբերմունքն ապահովագրության հանդեպ, նշում են ԻՆՈ Արմենիա ընկերությունում
ԱրմԻնֆո. Վթարների հետևանքով վարորդների միջև ծագած վեճերն սկսվեցին լուծվել ավելի քաղաքկիրթ ճանապարհով, ԱՊՊԱ-ն դաստիարակեց հայ վարորդներին, փոխելով նրանց վերաբերմունքն ապահովագրության հանդեպ: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է արտահայտել ԻՆՈ Արմենիա ապահովագրական ընկերության ապահովագրական պատահարների կարգավորման դեպարտամենտի ղեկավար Միքայել Խաչատրյանը: Նա տեղեկացրել է, որ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունն ապահովագրության բոլոր տեսակներով ընդհանուր հաշվով իրականացրել է 1 մլրդ.դրամի հատուցումներ:
Ըստ մասնագետի, ԻՆՈ ԱՐմենիա ապահովագրական ընկերությունը պոտենցիալ ապահովադիրների մեջ ապահովագրական մշակույթն ավելի բարձրացնելու նպատակով շարունակում է նրանց հետ տեղեկատվական-բացատրական աշխատանքների իրականացումը, ինչը թույլ է տալիս կանխել կոնֆլիկտային իրավիճակներն ապահովագրական պատահարների ընթացքում, մասնավորապես, վթարների ժամանակ:
Մ.Խաչատրյանը նշել է, որ ընկերության վթարային կոմիսարները պատահարի վայր են ժամանում 20 րոպեում, իսկ մեկ վթարի սպասարկումը միջին հաշվով տևում է 15 րոպե: Ընկերության բոլոր ավտոմեքենաները կհավորված են ավտոտրանսպորտի մոնիթորինգի և հսկողության արբանյակային համակարգերով ¥GPS¤, ինչը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում հետևել վթարային կոմիսարների աշխատանքներին և մշտապես բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունն ու օպերատիվությունը:
Դեպարտամենտի ղեկավարը վստահ է, որ ընկերության հաճախորդների բազան կշարունակի աճել, այդ թվում նաև նոր համակարգի շնորհիվ: Մ.Խաչատրյանը նշել է, որ համակարգն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ԻՆՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը 2-րդ եռամսյակում հավաքագրված ապահովագրական պրեմիաների գծով հանդիսանում է շուկայի առաջատարը, գրանցելով 958.2 մլն.դրամ արդյունք: Ընկերության ակտիվները մեկ տարում աճել են 1.5 անգամ, կազմելով մոտ 6 մլրդ.դրամ: Ընթացիկ տարում ընկերությունն ԱՊՊԱ գծով հավաքագրել է 2.3 մլրդ.դրամի պրեմիա, այս ցուցանիշով շուկայում զբաղեցնելով 2-րդ տեղը: