Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2011 19:54
Յունիբանկը ՙՅուքոմ՚ և ՙՌԵՍՈ՚ ընկերությունների հետ իրականացնում է երկու կոբրենդինագային ծրագիր
ԱրմԻնֆո. “U-Customers Partner” ծրագրի շրջանակներում “Յունիբանկ” ՓԲԸ-ն “Յուքոմ” ՍՊԸ-ի և “ՌԵՍՈ” ԱՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է ակցիա, որի համաձայն գործընկեր-կազմակերպությունների հաճախորդներին տրամադրում է կոբրենդինգային քարտեր` վարկային գծերով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
“Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ արտոնություններ: Այսուհետ “Յուքոմ”-ի այն բաժանորդները, որոնք ձեռք են բերել “Յունիբանկի” ArCa Classic “UNIBANK–UCOM” կոբրենդինգային քարտը, “U! Net Starter” և “Triple Play Classic” ստանդարտ ինտերնետ փաթեթների առաջարկի հետ` որպես նվեր կստանան ևս 1մբ/վ արագությամբ ինտերնետային կապ: “Յուքոմ” ընկերությունը ArCa Classic “UNIBANK–UCOM” քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաև մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին և ակցիաներին:
ArCa Classic “UNIBANK– RESO” կոբրենդինգային քարտը ձեռքբերած “ՌԵՍՈ” ընկերության ապահովադիրներին կտրամադրվի 5% զեղչ` ապահովագրական բոլոր ծառայությունների համար, բացառությամբ ԱՊՊԱ տեսակի:
Կոբրենդինգային քարտերը “Յունիբանկը” կթողարկի հատուկ դիզայնով և հաճախորդների համար որպես նվեր` անվճար տարեկան սպասարկմամբ: Քարտերով տրամադրված վարկային միջոցները հաճախորդները կարող են օգտագործել սպառողական ցանկացած նպատակների համար:
ArCa Classic “UNIBANK – RESO” քարտ կարող են ձեռքբերել “ՌԵՍՈ” ընկերության հետ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրեր կնքած ֆիզիկական անձինք հետևյալ սահմանաչափերով` 370 000 դրամ` 2005-2011թթ. արտադրության ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի առկայության դեպքում, -100 000 դրամ` 2005-2008թթ. ռուսական արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում, 200 000 դրամ` 2008-2011թթ. ռուսական և 2005-2011թթ. այլ արտասահմանյան արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում:
ArCa Classic “UNIBANK –UCOM” քարտի սահմանաչափը կազմում է`400 հազար դրամ, եթե բաժանորդն օգտվում է “Յուքոմ”-ի կորպորատիվ սակագնային պլաններից, 200 հազ. դրամ, եթե բաժանորդն ընկերության ծառայություններից օգտվում է մեկ և ավելի տարի` ամսական վճարելով 10 հազար և ավելի դրամ, 100 հազար դրամ, եթե անձն ընկերության բաժանորդ է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում և օգտվում է “Երեքը մեկում” ծառայությունների փաթեթից կամ ամսական վճարում է 10 հազար և ավելի դրամ:
Վարկավորման պարտադիր պայման է բացասական վարկային պատմության բացակայությունը: Հակառակ դեպքում հաճախորդին տրամադրվում է միայն կոբրենդինգային քարտ` առանց վարկային գծի:
ArCa Classic “UNIBANK – RESO” և ArCa Classic “UNIBANK –UCOM” քարտապաններին “Յունիբանկը” հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկում է բարձր տոկոսադրույք` 5% տարեկան, և հնարավորություն է ընձեռում էապես կրճատելու առօրյա ծախսերը: Կոբրենդինգային քարտատերերը կընդգրկվեն այս տարվա դեկտեմբերի վերջին մեկնարկվող արտոնությունների ծրագրում, որի շրջանակներում գործընկեր-կազմակերպությունների լայն ցանցում գնումներ կատարելիս կարող են բոնուսներ կուտակել և օգտվել զեղչերից:
Առավել հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների աշխատակիցներն իրենք կզանգահարեն ակցիայի պայմաններին համապատասխանող հաճախորդներին և կներկայացնեն քարտերի տրամադրման և հայտի լրացման կարգը: Քարտը պատրաստ լինելուն պես հաճախորդը կհրավիրվի “Յունիբանկ”: Քարտը ստանալիս հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և վերոհիշյալ ընկերություններից որևիցե մեկի հետ կնքված պայմանագիր: Եթե հաճախորդը ցանկանում է նշված սահմանաչափերը գերազանցող գումար ստանալ, ապա նա պետք է ներկայացնի նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Քարտերի վարկային գիծը բացվում է 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Հաճախորդին տրվում է նաև վարկի տոկոսադրույքի մեկ տոկոսային կետով իջեցման հնարավորություն, եթե քարտապանը երկրորդ տարում “Յունիբանկում” UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և հնարավորություն է տալիս կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել հաշված րոպեների ընթացքում:
Յունիբանկը քարտերի միջոցով տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար:2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:
“Յուքոմ” ՍՊԸ-ն, համագործակցելով Ericsson հանրաճանաչ ընկերության հետ, առաջարկում է ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն լուծումներից մեկը` կառուցելով նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: Ընկերությունը մատչելի գներով առաջարկում է բարձր որակի արտասահմանյան և տեղական ալիքների լայն ընտրություն, գերարագ ինտերնետ, թվային հեռախոսակապ և այլ ծառայություններ:
“ՌԵՍՈ” ՓԲԸ-ն ակտիվների ծավալների մեծությամբ Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարներից է: Ընկերությունն իրականացնում է հաճախորդների տրանսպորտային, գույքային, առողջության և պատասխանատվության ապահովագրություն: