Հինգշաբթի, 12 Հունվարի 2012 16:53
Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտներն աճում են, իսկ ԱՄՆ-ից` նվազում
ԱրմԻնֆո. Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2011 թվականի նոյեմբերին կազմել է 142.5 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 13.4%:
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ, նման աճը հիմնականում ապահովվել է Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքի 14.8% աճի շնորհիվ, որը կազմել է 123.4 մլն.դոլար: Իսկ ԱՄՆ-ից մասնավոր տրանսֆերտների ներհոսքը տարեկան կտրվածքով կրճատվել է 10.6%-ով, մինչև 4.8 մլն.դոլար:
Ըստ ԿԲ տվյալների, 2011 թվականի նոյեմբերին Հայաստանից մասնավոր տրանսֆերտների արտահոսքն աճել է 13.6-ով կազմելով 23.6 մլն.դոլար: Ընդ որում, այստեղ նույնպես առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին` 56%, մինչև 13.2 մլն.դոլար, գրանցելով տարեկան 7.7% աճ, իսկ ԱՄՆ բաժինը նոյեմբերին կազմել է 10.7% կամ 2.5 մլն.դոլար, ինչը 2.3%-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը:
Արդյունքում, 2011 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան տրանսֆերտների մաքուր ներհոսքը կազմել է 119 մլն.դոլար, 13.3%-ով գերազանցելով 2010-ի նոյեմբերի ցուցանիշը:
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն տրանսֆերտների ծավալների աճը 2011 թվականի ավարտին ակնկալվում էր 19-22%-ի սահմաններում, ինչը հիմնականում կապահովվի առաջին երեք եռամսյակների ընթացքում ներհոսքի զգալի ավելացման հաշվին: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2011-ի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ակնկալվում է ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն տրանսֆերտների ներհոսքի ծավալների 11-13% մեծացում:
Այսօր Հայաստանում, ֆիզիկական անձանց մասնավոր դրամական փոխանցումները կատարվում են 21 առևտրային բանկերի և 17 միջազգային տարբեր դրամական փոխանցումների, այդ թվում` Contact, MoneyGram, Migom, Leader, ՙԶոլոտայա Կորոնա՚, ՙԲիստրայա Պոչտա՚« ՙԲԼԻԶԿՈ՚, InterExpress, Private Money համակարգերի միջոցով, իսկ այդ հատվածի ամենամեծ դերակատարներն են հանդիասնում UNIStream և Anelik համակարգերը: