Չորեքշաբթի, 28 Մարտի 2012 20:19
ՀԲ կանխատեսում. 2012 թվականին Հայաստանում սպասվում է 3.8% տնտեսական աճ
ԱրմԻնֆո. Ըստ Համաշխարհային Բանկի կանխատեսումների, 2012 թվականին Հայաստանում սպասվում է 3.8% տնտեսական աճ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան ՄԻշել Հափփին: ՙԵթե ստեղծված իրավիճակը վերլուծենք որպես Հայաստանի տնտեսության աճի հիմնական ներուժ, ինչպես նաև համաշխարհային մասշտաբի իրավիճակները, ապա Հայաստանի 2012 թվականի տնտեսական աճի մեր կանխատեսումը նվազել է` 4-5%-ից մինչև 3.8%: Հաջորդ տարի մենք ակնկալում ենք տնտեսության աճի ավելի բարձր տեմպեր, քանի որ տեսնում ենք կարևոր ոլորտներ, այդ թվում նաև գյուղատնտեսությունը, որոնք նպաստում են տնտեսոթւյան աճին՚:
Ըստ ԱՄՀ կանխատեսումների, 2012 թվականի համար Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումները, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, ինչպես նաև արտաքին գործոնները, մասնավորապես, տնտեսական աճի դանդաղումը Եվրոպայում, 4%-ից նվազեցվել է մինչև 3.8%: Ինֆլյացիայի վերաբերյալ ԱՄՀ կանխատեսումները հիմնված են արտաքին գնային ճնշումների նվազման վրա, ինչի արդյունքում` սպասվող ինֆլյացիան պահպանվում է 4% ¥+/-1.5%¤ նպատակային սահմանի շրջանակներում: ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով ամրագրված է տնտեսական 4.2% աճ և 4% ¥+/-1.5%¤ ինֆլյացիա: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2012 թվականի հունվար-սեպտեմբերին սպասվում է 3-4.6% տնտեսական աճ, ինչը հիմնականում պայմանավորված է համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման սպասումներով և առաջիկա տնտեսական իրավիճակի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների հոռետեսական տրամադրություններով: Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, 2012 թվականի 3-րդ եռամսյակի վերջում ինֆլյացիան կձևավորվի 3-5.5% սահմաններում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%, ընդ որում, աճը հիմնականում պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի արտադրության, ինչպես նաև շինարարության և արդյունաբերության հատվածներում արձանագրված աճով: 2011 թվականի հունվար-սեպտեմբերին ինֆլյացիան կազմել է 4.7%, ինչը պայմանավորված է եղել պարենային ապրանքների 5.8%, արդյունաբերական ապրանքների 4.3% և ծառայությունների սակագների 2.9% աճով: