Ուրբաթ, 8 Փետրվարի 2013 19:57
Հայաստանի վարկային ընկերությունների միագումար վարկային պորտֆելը 2012 թվականին ավելացել է 40 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային ընկերությունների միագումար վարկային պորտֆելը 2012 թվականի վերջին կազմել է 157.6 մլրդ դրամ` 2011 թվականի համեմատ ավելանալով գրեթե 40%-ով: ՎԸ վարկերի պորտֆելի առյուծի բաժինը կազմել են դրամային վարկերը` 69%:
ԿԲ տվյալների համաձայն, ՎԸ վարկային պորտֆելի աճն ապահովվել է տնտեսության վարկերի հաշվին, որոնք կազմել են 125.2 մլրդ դրամ կամ 79,5%, տարեկան 36,2% աճով: Տնտեսության վարկերի կառույցում առաջատարը երեք ոլորտներ են. ֆինանսական հատվածը` 28.9%, ագրարայինը` 19% և առևտրինը` 12,3%:
Առավելագույն ծավալը բաժին է ընկել ֆինանսական հատվածին` 45.5 մլրդ դրամ` տարեկան կտրվածքով 37,4% աճով: Դրանցից 88,9% կազմել են բանկերի կողմից տրամադրված վարկերը: Երկրորդ տեղում է գյուղատնտեսության վարկավորումը`
30.1 մլրդ դրամ, որը տարեկան կտրվածքով ավելացել է 32,6%-ով: յուղատնտեսական վարկերի կառույցում 44,5% ուղղորդված է անասնապահությանը, իսկ 46,2%` բուսաբուծությանը: Երրորդ տեղում է առևտրի հատվածի վարկավորումը, ուր ՈՒՎԿ անցյալ տարվա ընթացքում ուղղորդել են 19.4 մլրդ դրամ` տարեկան 30,9% աճով: Առևտրի հատվածի վարկերի կառույցում ՎԸ մանրածախ առևտրի ոլորտում տեղաբաշխել են 81%, իսկ մեծածախ առևտրի ոլորտում` 17,2%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականին ՎԸ տրամադրել են 17.4 մլրդ դրամ հիփոթեքային վարկեր, ինչը կազմում է այդ կազմակերպությունների միագումար պորտֆելի 11%: Մեկ տարում ՎԸ հիփոթեքային վարկային պորտֆելն ավելացել է 42,6%-ով: Սպառողական վարկերի բաժինը կազմել է 15 մլրդ դրամ կամ ՎԸ ընդհանուր վարկային պորտֆելի 9,5%` տարեկան 72% աճով: Սպառողական վարկերի պորտֆվելի 19% բաժին է ընկել ոսկու գրավադրմամբ վարկերին, շուրջ 12,2% կենցաղային և էլեկտրատեխնիկայի ապառիկ գնման համար վարկերն են, իսկ 2%` ավտովարկերը:
ԿԲ տվյալների համաձայն, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործող վարկային ընկերությունների թիվը կազմել է 32, ինչը 1 ընկերությունով ավելի է (ՙՖաստ Կրեդիտ՚ ՈՒՎԿ), քան 2011 հոկտեմբերին` հաշվետու ամսվա անփոփոխության դեպքում: Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է 28 ՈՒՎԿ, 3 լիզինգային ընկերություն և 1 վարկային միություն: ՈՒՎԿ-ներից չորսն զբաղվում է հիփոթեքով` ՙԱռաջին հիփոթեքային ընկերությունը, ՙՖիդես՚ ՀԸ, Ազգային հիփոթեքային ընկերությունը և ՙՄատչելի բնակարան երիտասարդներին՚, ընդ որում վերջին երկուսը կոչված են վերաֆինանսավորելու հիփոթեքային վարկերը: