Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2013 17:06
ՀՀ Կադաստրի պետկոմ. Երևանումի բազմաբնակարան շենքերում բնակարանների գները թանկացել են 7 տոկոսով
ԱրմԻնֆո. Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանները 2013 թվականի առաջին կիսամյակում թանկացել են 7%, իսկ մասնավոր տները` 5%: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները: Ըստ աղբյուրի, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 1 քմ բնակելի մակերեսի միջին գինը հասել է 270 հազար դրամի, իսկ մասնավոր տներում` 285 հազ.դրամի:
ՙԿենտրոնը՚ դեռեւս շարունակում է մնալ Երեւանի ամենաթանկ համայնքը, որտեղ 1 քմ միջին գինը կազմել է 426 հազար դրամ, իսկ մասնավոր տներում` 474,4 հազար դրամ: Իսկ ամենացածր գները գրանցվել են Նուբարաշենի համայնքում, որտեղ բազմաբնակարան շենքերում 1 քմ գինը կազմել է 149.000 դրամ, իսկ մասնավոր տներում` 149,4 հազար դրամ:
Կադաստրի տվյալներով, մարզերում բնակարանների գները թանկացել են 5.3%: Ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում` 292,5 հազար դրամ, իսկ ամենացածր գները` Սյունիքի մարզի Դաստակերտ եւ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրերում` 8000 դրամ: Մարզերում մասնավոր տները թանկացել են 4.1%:
Նշենք, որ Ռիելթորները համաձայն չեն Կադաստրի տվյալներին: Նրանց գնահատմամբ, բնակելի անշարժ գույքի գները Հայաստանում ունեն նվազելու միտում, ինչը հանդիսանում է երկրում ընթացող տնտեսական գործընթացների, մասնավորապես, ծառայությունների և պարենային ապրանքների գների աճի օրինաչափ հետևանքը: Ռիելթորները գտնում են, որ նոր տնտեսական տրենդների բացակայության պայմաններում, առաջիկայում Հայաստանի անշարժ գույքի շուկայում փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: