Երեթշաբթի, 10 Դեկտեմբերի 2013 15:51
ՀՀ ԿԲ կանխատեսում. 2013 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 3.4-3.8%
ԱրմԻնֆո. 2013 թվականին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3.4-3.8 % (30 % հավանականությամբ), իսկ 90% հավանականությամբ այն կլինի 2,6-4,5 % սահմաններում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանախատեսումների, կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կայունանում է 4,6-6 % սահմաններում: Այդ ծրագիրով 2013 թվականի տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են բազային սցենարի համեմատ դեպի նվազեցման կողմը, ելնելով համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնումից, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների սպասումների վատթարացմամբ`կապված ապագա տնտեսական պայմանների հետ: 2014-2015 թվականների ՀՆԱ-ի իրական աճի կանխատեսումների տարբերակները հետևյալն են` 30% հավանականությամբ 2014 թվականին այն կլինի 3,1-8,1 % սահմաններում, իսկ 2015 թվականին`2-8 % սահմաններում: 90 % հավանականությամբ տնտեսական աճը 2014-ին կլինի 5-6.2 % սահմաններում, իսկ 2015-ին`4.3 - 5.7 % սահմաններում:
Արդյունաբերության ոլորտում կանխատեսումը վերանայվել դեպի նվազում, կապված տարվա առաջին 9 ամիսների զարգացման, ինչպես նաև արտաքին և ներքին պահանջարկների դանդաղման հետ: Արդյունաբերության աճը հիմնականում կապահովվի հանքահումքային արդյունաբերության, մետալուրգիայի, սննդի արդյունաբերության, ինչպես նաև ըմպելիքների, ադամանդների և դեղամիջոցների արտադրության հաշվին: Արդյունքում, հավելյալ արժեքի իրական աճն արդյունաբերական ոլորտում 2013 թվականին կկազմի 3-4 %: Կանխատեսվող հորիզոնում արդյունաբերության աճը կկայունանա 5,7-6,3 % սահմաններում: Ընդ որում, միջնաժամկետ հատվածում աճի տեմպերի արագացումը կապահովվի ինչպես կազմակերպությունների արտադրական ներուժի ընդլայնման միջոցով` վերջին տարիների ներդրումների շնորհիվ, այնպես էլ կառավարության`արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության շարունակականության և Թեղուտի հանքավայրի շահագործման միջոցով :
Շինարարության ոլորտում նույնպես կանխատեսումները վերանայվել են դեպի նվազման կողմը, հիմնականում, հավելյալ արժեքի ցուցանիշի տարեսկզբից նկատվող երկնիշ նվազման, ոլորտի ձեռնարկությունների սպասումների որոշակի վատթարացումների, ինչպես նաև ճանապարհային մայրուղիների շինարարական ծրագրերի ձգձգումների հետևանքով: Արդյունքում, 2013 թվականին շինարարությունում ակնկալվում է 11-13% նվազում: Կանխատեսվող հորիզոնում, շինարարության ոլորտում պահանջարկի և առաջարկի միջև հավասարակշռության վերականգնման արդյունքում սպասվում է 0-3% աճի կայունացում: Աճը կարող է պայմանավորված լինել, հիմնականում, ենթակառուցվածքների բարեկավմանն ուղղված շինարարական խոշոր ծրագրերի իրականացումով:
Ծառայությունների ոլորտում կանխատեսումը չի փոխվել, 2013 թվականին իրական աճն ակնկալվում է 6-7 %: Կանխատեսվող հորիզոնում ծառայությունների ոլորտի աճը կարող է կայունանալ 5,8-6 % սահմաններում, համապատասխանելով ներքին պահանջարկի միջնաժամկետ կանխատեսումներին:
Գյուղատնտեսության ոլորտում կանխատեսումը վերանայվել է դեպի աճի կողմը, կապված եղանակային բարենպաստ պայմանների և ցանքատարածքների աճի, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների ավելացման հետ: Արդյունքում, ոլորտի իրական աճը կանխատեսվում է 5.5-6.5 % սահմաններում: Կանխատեսվող հորիզոնում գյուղատնտեսության աճը կկայունանա 5-6.5 % սահմաններում: Ընդ որում, միջնաժամկետ հատվածում համեմատաբար բարձր աճի տեմպերի պահպանումը պայմանավորված է ջերմոցային տնտեսությունների ընդլայնումով, ցանքատարածքների և բերքատվության աճով, ինչպես նաև անասունների գլխաքանակի աճով, կառավարության կողմից գյուղատնտեսությյա ոլորտի զարգացմանն ուղղված քայլերով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7,2 %, ընդ որում, աճի 10.8 % - ն ապահովել է ծառայությունների ոլորտը, 9.5 %-ը` գյուղատնտեսության ոլորտը, 8.8 %-ը` արդյունաբերական ոլորտը և 8.1 %-ը` էներգետիկ ոլորտը: 2013 թվականի հունվար - հոկտեմբերին տնտեսական աճը կազմել է 3,4 %, որտեղ 7.8%-ն ապահովել է արդյունաբերական ոլորտը, 5,9 % - ը`գյուղատնտեսության ոլորտը, իսկ 2.8 %-ը` ծառայությունների ոլորտը, ի դեպ, շինարարության ոլորտում անկումը կազմել է 8.8%, իսկ Էներգետիկայի ոլորտում` 3.9 %: