Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2013 20:01
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում տեղաբաշխվել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը
ԱրմԻնֆո. 2013թ. դեկտեմբերի 11-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 8-րդ թողարկման տեղաբաշխումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, Ընկերության 500 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, ընդ որում՝ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479,213,920 ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ 957,444,440 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.5797%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8.6497%:
Նշենք, որ ԱՀԸ-ն Հայաստանի կապիտալի շուկա է դուրս եկել 2011 թվականի նոյեմբերին, 1 մլրդ դրամ ծավալով և 9.6% եկամտաբերությամբ: Ներկայումս բորսային Cbond ազատ հարթակում 8-րդ տրանշի հետ մեկտեղ շրջանառվում են նաև ԸՆկերության 6-րդ և 7-րդ տրանշերը, որոնց մարումը տեղի կունենա, համապատասխանաբար`2014 թվականի հունվարի 27-ին և հոկտեմբերի 22-ին: 6-րդ թողարկման ծավալը կազմում է 856.9 մլն դրամ (8569 պարտատոմս, յուրաքանչյուրը 100 հազ.դրամ անվանական արժեքով), շրջանառության ժամկետը`6 ամիս, թողարկվել են 2013-ի հունիսի 18-ին, տեղաբաշխվել են հուլիսի 25-ին, իսկ սակարկություններին սկսել են մասնակցել օգոստոսի 22-ին: 7 - րդ տրանշի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ (10,000 պարտատոմս, յուրաքանչյուրը 100 հազ.դրամ անվանական արժեքով), ժամկետը`11 ամիս և 29 օր, թողարկվել են 2013-ի հոկտեմբերի 24-ին, սակարկություններին մասնակցել թույլատրվել նոյեմբերի 6 – ին: Տեղին է նշել, Հայաստանում այլընտրանքային ֆինանսական գործիքների տոկոսադրույքները, չնայած աճի միտումներին, առայժմ գրավում են միայն կորպորատիվ պարտքի էմիտենտներին: Մինչև մեկ տարի ժամկետով դրամով ավանդների տոկոսադրույքները կազմում են տարեկան 10%, իսկ պետական կարճաժամկետ պարտատոմսերինը` տարեկան9.1 %:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, Ընկերության ակտիվները 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 29.9 մլրդ դրամ (տարեկան աճը`32.2%), պարտավորությունները`19.4 մլրդ դրամ (տարեկան աճը`53.3%): Ընկերության զուտ շահույթը տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 441,4 մլն դրամ (տարեկան աճ`28.6%), որի 160 մլն դրամը եռամսյակային արդյունքն է (եռամսյակի աճը`14,4%):