Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2014 18:03
Ֆինհաշտարար. Ստացված բողոքների մեծ մասը վերաբերվում են ապահովագրական ընկերություններին և բանկերին
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն իր հիմնադրման պահից (2009 թ.) մինչ 2014 թվականի հուլիսի 1-ն ստացել է 7192 դիմում-բողոք, որից քննարկման ենթակա է եղել 2001-ը: Ընդ որում, դիմումների 70%-ն ավարտվել է հաշտությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, Ծաղկաձորում ելույթ ունենալով «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով 5-րդ միջազգային կոնֆերանսում: Նա նշել է, որ ստացված բողոքների մեծ մասը վերաբերվել են ապահովագրական ընկերություններին և բանկերին:
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2014 թվականի առաջին կիսամյակում ֆինանսական կազմակերպությունների դեմ ստացել է 1267 բողոք, որից քննարկման է դրվել 1037-ը (2013-ի առաջին կիսամյակի 724-ի համեմատ): Համաձայն հաշտարարի պաշտոնական հրապարակումներին, հաշտարարի կողմից առաջին կիսամյակում քննարկված բողոքներից 392-ը եղել է ապահովագրական ընկերությունների դեմ, ինչը 67.5% ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Դրանցից 269-ը վերաբերվել է ԱՊՊԱ-ին (տարեկան աճը`2 անգամ), 62-ը եղել է բժշկական ապահովագրությանը (աճը` 51%), 48-ը` տրանսպորտային միջոցների ապահովագրությանը (աճը` 55%), 7-ը` գույքային ապահովագրությանը և 2-ը` տուրիստական ապահովագրությանը: Ավտոապահովագրողների Բյուրոյի դեմ հաշտարարը քննարկել է 5 բողոք: Հաշվետու ժամանակահատվածքում հաշտարարի կողմից քննարկվել է նաև բանկերի դեմ 111 բողոք, որից 54-ը վերաբերվել է վարկային գործարքներին, 38-ը` վճարա-հաշվարկային գործառնություններին, 6-ը ավանդային գործարքներին և 13-ը`այլ գործարքներին: Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածքում բանկերի դեմ եղել է 110 բողոք, բայց վարկային և ավանդային գործարքների գծով եղել է ավելի քիչ բողոք, քան այս տարվա առաջին կիսամյակում:
Աղբյուրի համաձայն, այն բողոքների թիվը, որոնց քննարկումն ավարտվել է այս տարվա առաջին կիսամյակում` կազմել է 320 (նախորդ տարվա 316-ի համեմատ): Դրանցից 149-ը բավարարվել է հաշտության միջոցով, 88 բողոքներով պահանջները չեն բավարարվել, 46-ով բավարարվել է մասնակիորեն, 27-ով` պահանջի քննարկումը դադարեցվել է, իսկ 8-ի գծով պահանջները բավարարվել են ամբողջովին:
Նշենք, որ ֆինանսական հաշտարարի ծառայութոյւնները Հայաստանում, որոնք գործում են 2009 թվականից, տրամադրվում են անվճար, իսկ արված աշխատանքի դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպությունները: