Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2014 16:39
Արևաշող Երևանն «իր հարկի տակ» ընդունել է Միջազգային Բանկային կոնֆերանսը
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է բանկային հերթական միջազգային կոնֆերանսը` ՄԲԿ-2014-ը, որը կազմակերպել է Մոսկվային միջազգային արժութային ասոցիացիան (ՄՄԱԱ): Աշնանային ավանդական կոնֆերանսի թեման այս անգամ կլինի`«Բանկերը փոփոխությունների դարաշրջանում. նոր մարտահրավերներ, նոր փորձություններ, նոր հնարավորություններ»:
Կոնֆերանսին մասնակցում են պետական կարգավորիչ մարմինների ներկայացուցիչներ, բանկերի, բորսաների, ֆինանսական, բրոքերական և ներդրումային ընկերությունների TOP- մենեջերներ, գանձապետական բաժանմունքների ղեկավարներ և աշխատակիցներ, թղթակցային հարաբերությունների կառավարման և ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ, FX&MM դիլերներ, փորձագետներ և վերլուծաբաններ:
«Վստահ եմ, որ ֆինանսական համալիրի զանազան հատվածների զարգացման ժամանակակից միտումների, օպտիմալ լուծումների մշակման, անձնական շփումների առումով երևանյան այս հարթակը հարմարավետ և հաճելի առիթ կհանդիսանա շուկայի պրոֆեսիոնալ խաղացողների միջև կարծիքներ փոխանակելու համար: Այդ առումով կոնֆերանսի թեման արտակարգ արդիական է»,- նշել է Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցված կոնֆերանսի բացման ժամանակ:
Իր բացման խոսքում նա նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս կատարած զեկույցում նշված է, որ ռեգուլյատորները, որոնք ներկայացնում են խոշոր ֆինանսական կենտրոնների շահերը, այդպես էլ չկարողացան բանկային հատվածին ստիպել վստահությամբ «կանգնել սեփական ոտքերի վրա», շարունակելով հատվածին սնել թաքնված սուբսիդիաներով և փրկիչ ծրագրերերով կամ այսպես կոչված`քանակական մեղմման միջոցով: «ԱՄՀ փորձագետների կարծիքով համաշխարհային համակարգը դեռ շատ անկայուն է: Այդ ֆոնի ներքո արդիականացվում է նաև «Բազել 3»-ի նորմերին անցնելը, որով պահանջվում է բանկերի սեփական կապիտալների ծավալների ավելացում»,-նշել է Ճզմաչյանը:
Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների դերի բարձրացման հարցերը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար ուղիղ փոխարժեքների ապահովումն ու փոխադարձ հաշվարկների իրականացումը պահանջում է կշռադատված մոտեցում և նուրբ կառավարման գործիքների, այսպես կոչված, տեսականի:
Մասնակիցների կարծիքով կոնֆերանսը կդառնա հյուսիսային- արևմտյան և բալթյան տարածաշրջանների բանկերի, ինչպես նաև ԵՄ և ԵԱՏՄ վարկային կազմակերպությունների գործընկերների հետ անձնական շփումների, օգտակար ծանոթությունների և գործարար հարաբերությունների հաստատման հարթակ: Կոնֆերանսի պաշտոնական հովանավորն է «ԲԲՌ Բանկ» ՓԲԸ-ն: Կոնֆերանսը կընթանա մինչև հոկտեմբերի 4-ը: