Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2014 16:39
Ս.Ճզմաչյան. Անկախ արժույթների պահպանումը Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է տասնամյակի հեռանկարում
ԱրմԻնֆո. Անկախ արժույթների պահպանումը և ինքնուրույն դրամավարկային քաղաքականության իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում, հնարավոր է տասնամյակի հեռանկարում: Հոկտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, Երևանում մեկնարկած ՄԲԿ-2014 Միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում:
«Ցանկացած պարագայում, եվրոպական տարածաշրջանի արժութային և ֆինանսական շուկաների ինտեգրման օգտին փաստարկներ փնտրելու փուլը ներկայումս կարելի է համարել անցած»,-ընդգծել է ՀԲՄ նախագահն իր բացման խոսքում:
Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների դերի բարձրացման հարցերը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար ուղիղ փոխարժեքների ապահովումն ու փոխադարձ հաշվարկների իրականացումը պահանջում է կշռադատված մոտեցում և նուրբ կառավարման գործիքների, այսպես կոչված, տեսականի:
«Վստահ եմ, որ ֆինանսական համալիրի զանազան հատվածների զարգացման ժամանակակից միտումների, օպտիմալ լուծումների մշակման, անձնական շփումների առումով երևանյան այս հարթակը հարմարավետ և հաճելի առիթ կհանդիսանա շուկայի պրոֆեսիոնալ խաղացողների միջև կարծիքներ փոխանակելու համար: Այդ առումով կոնֆերանսի թեման արտակարգ արդիական է»,- նշել է Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց բանկային հերթական միջազգային կոնֆերանսը` ՄԲԿ-2014-ը, որը կազմակերպել է Մոսկվային միջազգային արժութային ասոցիացիան (ՄՄԱԱ): Աշնանային ավանդական կոնֆերանսի թեման այս անգամ կլինի`«Բանկերը փոփոխությունների դարաշրջանում. նոր մարտահրավերներ, նոր փորձություններ, նոր հնարավորություններ»: Կոնֆերանսի պաշտոնական հովանավորն է «ԲԲՌ Բանկ» ՓԲԸ-ն: Կոնֆերանսը կընթանա մինչև հոկտեմբերի 4-ը: