Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2014 18:47
Ֆինհաշտարար. Ավելի շատ բողոքում են ԱՊՊԱ գծով
ԱրմԻնֆո. Ապահովագրական ծառայությունների հայ սպառողների համար ԱՊՊԱ-ն եղել և մնում է ապահովագրության ամենավիճելի և գուցե նյարդայնացնող տեսակն է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանի Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, ապահովագրողներին ուղղված բողոքների մեծ մասը կազմում են պարտադիր ապահովագրության գծով բողոքները:
«Ապահովագրական ընկերությունների դեմ ֆինանսական հաշտարարի գրանսենյակին ուղղված բողոքների 70%-ը կազմում են ԱՊՊԱ գծով բողոքները, ընդ որում, բողոքների քանակը մեկ տարում ավելացել է մոտ 1.5 ագամ»,-նշել է Փ.Սարգսյանը:
Նրա խոսքով, հայ վարորդները հիմնականում բողոքում են ապահովագրողների կողմից վնասը ոչ համարժեքորեն գնահատելու համար, և ֆինհաշտարարի գրասենյակ են դիմում անկախ փորձագետներ ներգրավելոի պահանջով:
Ըստ ֆինհաշտարարի տվյալների, 2009-ից մինչև 2014 թվականը ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը ֆինանսական կազմակերպությունների դեմ ստացել է 7753 բողոք-հայտ, որտեղ ապահովագրողների մասնաբաժինը կազմել է 1830 բողոք: Դրանց մեջ ԱՊՊԱ մասնաբաժինը կազմել է 1296 բողոք, բժշկական ապահովագրության մասնաբաժինը` 267, իսկ ապահովագրական մյուս տեսակների մասնաբաժինը`212 բողոք:
Ֆինհաշտարարը տեղեկացրել է նաև, որ բողոքների մոտ 62-67%-ը լուծվում է հաճախորդների օգտին, ընդ որում, բողոքների հիմնական մասը կարգավորվում է հաշտեցման ճանապարհով: Իսկ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի և ապահովագրական ընկերությունների փորձագետների գնահատումների միջև տարբերությունը կազմում է 3 հազար դրամից մինչև սկզբնական գումարի 20%-ը:
Ըստ ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի տվյալների, 2009 թվականի հունվարից մինչև 2014 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց ֆինհաշտարարաի միջնորդությամբ վճարված հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է 554 մլն.դրամ: 2014 թվականի սկզբից ֆինհաշտարարի գրասենյակն ստացել է 2055 բողոք, որտեղ զգալի մասն են կազմում բանկերին և ապահովագրական ընկերություններին ուղղված բողոքները: Իսկ հաճախորդներին տարեսկզբից վճարվել է 101 մլն.դրամի հատուցում, հիմնականում, հաշտեցման ճանապարհով:
Նշենք, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակը Հայաստանում գործում է 2009 թվականից: Ծառայությունները մատուցվում են անվճար, որի դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպությունները: