2015թ.-ի հուլիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 4-րդ թողարկման պարտատոմսերի (EBRDB4) տեղաբաշխումը: Ընկերության կողմից տեղաբաշխմանը ներկայացված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային, լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայից, արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող 6 ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.25% մարժա հետագա արժեկտրոնային վճարումների համար: Աճուրդի ընթացքում ձևավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 12.0328%:
Չորրորդ թողարկման պարտատոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում շրջանառվում են EBRDB4 հապավումով: Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի 3 անդամ:
Ներկայումս բորսայում շրջանառվում են ՎԶԵԲ երկրորդ և երրորդ թողարկումների պարտատոմսերը (EBRDB2 և EBRDB3), յուրաքանչյուրը 2 մլրդ դրամ ծավալով: Երկրորդ թողարկման պարտատոմսերը բորսայում տեղաբաշխվել են 2015 թ. հունվարի 30-ին, իսկ ավելի ուշ` փետրվարի սակարկություններին թույլատրվել է նաև երրորդ թողարկումը: Երկրորդ թողարկման եկամտաբերությունը կազմում է 17%, իսկ երրորդինը`14.5%: Յուրաքանչյուր թողարկմանը շրջանառության է դրվել 200 հազար պարտատոմս, յուրաքանչյուրը 10 հազ.դրամ անվանական արժեքով: Շրջանառության ժամկետը կազմում է 6 ամիս, այսինքն, երկրորդ թողարկումը կմարվի այս տարվա հուլիսի 30-ին, իսկ երրորդը`օգոստոսի 11-ին: ՎԶԵԲ-ի պարտատոմսերը ցուցակվել են Abond կատեգորիայում: ՎԶԵԲ պարտատոմսերի առաջին թողարկման մարման ժամկետը լրացել է փետրվարի 2-ին, որոնց թողարկման ծավալը նույնպես կազմում էր 2 մլրդ դրամ, իսկ եկամտաբերությունը` լողացող:
Նշենք, որ ՎԶԵԲ-ի ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի առաջին թողարկումը կայացավ Հայաստանում դրամային բոնդերի առաջին տրանշը թողարկելու մասին (2013-ի դեկտեմբերին) Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) որոշումից անմիջապես հետո: IFC պարտատոմսերի առաջին տրանշի ծավալը կազմեց 2 մլրդ.դրամ, մարման ժամկետը` 3 տարի, իսկ եկամտաբերությունը`9.7%, կես տարին մեկ անգամ արժեկտրոնային վճարումներով: Դա եղավ Հայաստանում դրամով արտահայտված կորպորատիվ պարտատոմսերի առաջին հրապարակային թողարկումը միջազգային կառույցների կողմից, ինչն արվեց բորսայական տեղաբաշխումների նոր տեխնոլոգիաներից օգտվողների շրջանն ընդլայնելու, ինչպես նաև կապիտալի շուկայում ներդրումային հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտ հարթակ ստեղծելու նպատակով: