Փոխարժեքի կայությունը Հայաստանում պայմանավորված է տուրիստական սեզոնով, գյուղմթերքների սեզոնային արտադրությունով, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի ենթադրվող միջամտությունով: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանը:
Նա նշել է, որ նշված գործոների շնորհիվ, որոնք լրացուցիչ դոլարային հոսքեր են ապահովում Հայաստանի տնտեսությանը, դրամի փոխարժեքը պահպանվում է 475-480 դրամ մեկ դոլարի դիմաց միջակայքում: Բայց սեզոնի ավարտին, սեպտեմբերին, հայկական արժույթն իր վրա կսկսի զգալ արժեզրկվող ռուբլու ճնշումները, մասնավորապես, «ռուբլու 10% արժեզրկման արդյունքում մենք կարող ենք ունենալ դրամի փոխարժեքի 5% անկում»:
Վ.Խաչատրյանը հիշեցրել է, որ մայիսին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն ավելացան 100 մլն.դոլարով, իսկ հունիսին կրճատվեցին 50 մլն.դոլարով, 2015 թվականի հուլիսի 1-ին կազմելով 1.546 մլն.դոլար: Ելնելով դրանից, տնտեսագետը ենթադրում է, որ ԿԲ կողմից կպահպանվի դրամի աջակցությունը, քանի որ դոլարի փոխարժեքը աճը կշարունակվի, ելնելով ԱՄՆ ԴՊՀ կողմից հաշվառման տոկոսադրույքի առաջիկա ակնկալվող բարձրացումից (ս.թ. սեպտեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև Անգլիայի Բանկի բազային տոկոսադրույքի բարձրացումից, նավթի համաշխարհային գների անկումից, ինչն ավելի կարագանա Իրանի` «խաղի մեջ մտնելուց» հետո (որի նավթային պահուստները ներկայումս կազմում են մոտ 50 մլն.բարել): Դրան կնպաստի նաև Եվրոպական Կենտրոնական բանկի (ECB) քանակակական մեղմման (QE) քաղաքականությունը, որը ենթադրում է ամսական 60 մլրդ.եվրոյի պարտատոմսերի ետգնում:
Միևնույն ժամանակ, դոլարի քանակը Հայաստանում կկրճատվի` բանկային համակարգով ներհոսող մասնավոր տրանսֆերտների անկման հետևանքով, որոնք ներհոսքը 2015 թվականի հունվար-հունիսին կազմել է 163 մլն.դոլար, նախորդ տարվա 190 մլն.դոլարի փոխարեն: Դրան զուգհահեռ, հայկական բանկերը կկրճատեն նաև վարկավորման ծավալները: Հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ բանկային համակարգի միագումար վարկային պորտֆելը կազմել է 2.8 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով նվազելով 50 մլրդ.դրամով: Բանկերի վարկային պորտֆելներում գերակշռոմ են արտարժույթով վարկերը – 1.4 տրլն. դրամ, իսկ փոխարժեքի տատանումներն անմիջապես սկսում են բացասական ազդեցություն ունենալ դոլարային վարկառուների վրա: