Ամերիաբանկի ընթացիկ տարվա կիսամյակային գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը շարունակում է պահպանել առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ֆինանսական մի շարք կարևոր ցուցանիշներով, մասնավորապես, ակտիվներ, պարտավորություններ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ, վարկային ներդրումներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, բանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 16%-ով և 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 398.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները կազմել են 353.5 մլրդ ՀՀ դրամ` ապահովելով 17%-ի աճ:
Բանկի վարկային ներդրումները մեկ տարվա ընթացքում աճել է 34%-ով և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 257 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 25%-ով և կազմել շուրջ 94 մլրդ ՀՀ դրամ:
Զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 5%-ով, ընդ որում, Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 10.4 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 23.8%-ով, այդ թվում կոմիսիոն և այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է շուրջ 12%:
Հաճախորդների համար սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով Ամերիաբանկը շարունակ ընդլայնում է հեռակառավարման համակարգերից` Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ Բանկինգ, Ամերիա Հեռախոսային Բանկինգ, “Ameria Global Trading” առևտրային համակարգ, Կանխիկի ստացման և մուտքագրման բանկոմատներ, օգտվելու հնարավորությունները: Մասնավորապես, մինչև սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են անվճար միանալ Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը: Կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է արագ և հարմարավետ լուծումներ հեռակառավարման տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումները հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ բանկինգ, Ամերիա Հեռախոսային բանկինգ համակարգերի միջոցով, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատների և պարբերական հանձնարարականների միջոցով:
Նշենք, որ Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել է 45.3 մլրդ.դրամ (4 տեղ, տարեկան աճը` 12.5%, շուկայի աճը` 3.2%), իսկ կանոնադրական կապիտալը կազմել է 25.4 մլրդ.դրամ (3 տեղ, առանց տարեկան փոփոխության):
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամերիաբանկի միակ սեփականատերն է Ameria Group CY ՍՊԸ-ն: 2015 թվականի մայիսին Fitch գործակալությունը բանկին շնորհեց արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (B +) վարկանիշ, ինչպես Հայաստանի վարկանիշն է, ինչն աշխարհում բարձր գնահատական է համարվում: