Հայկական խաղողի գենոֆոնդը պահպանելու համար մոտ ապագայում Հայաստանում կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի: Այս մասին գիտական շրջանակների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այգին կունենա 5 հա տարածք, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Խաղողագործության զարգացումը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունի, և մենք պետք է համախմբենք հանրապետության ողջ մասնագիտական ներուժն այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,-իր խոսքում նշեց նախարար Կարապետյանը:
Նախարարը հավելեց, որ այդ նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ֆիլոքսերա վնասատուի առկայության պայմաններում խաղողագործության ռազմավարության մշակմամբ, ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ:
Ռազմավարությունը պետք է ընդգրկի ոլորտի զարգացման 10 տարիների տեսլականը` ներկայացնելով ըստ քայլերի հաջորդականության իրականացվելիք միջոցառումները` պետական խիստ վերահսկողության ներքո:
Նախարարը տեղեկացրեց ներկաներին, որ հաշվի առնելով ոլորտի ընթացիկ զարգացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել խաղողագործության զարգացման ռազմավարությունը, որը հնարավորություն կտա ապահովել խաղողագործության ճյուղի հետագա կայուն զարգացումը:
Նախարարը հատկապես կարևորեց կոնյակագործության, գինեգործության և սեղանի սորտերի դասակարգման, գյուղացիական տնտեսություններին ֆիլոքսերազերծ տնկիներով ապահովելու հարցերը: Նախարարի խոսքով` պետության ուշադրության կենտրոնում է գտնվում խաղողի գենետիկական հայկական սորտերի պահպանման խնդիրը: Այդ նպատակով առաջիկայում մոտ 5 հեկտար տարածության վրա կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ կպահպանվի խաղողի հայկական սորտերի գենոֆոնդը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա գարնանն Արմավիրի մարզում բացահայտվել է ֆիլոքսերիայով վարակված 9.24 հա խողողի այգիներ: Վարակի օջախը մեկուսացնելու համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, տեղակայված են հսկիչ անցակետեր: Ֆիլոքսերիայից տուժած ֆերմերներն ստացել են 3.2 մլն.դրամի փոխհատուցում: Իսկ 2014 թվականին Հայաստանում արտադրվել է 260 հազար տոննա խաղող: