Արմինֆո. ՀՀ Նախագահի նստավայրում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, մրցանակաբաշխության հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ինչպես հայտարարվել է մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը 2015-ին շնորհվելու է «Կասպերսկու լաբորատորիայիե գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկիին: ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:
Մրցանակը հիմնվել է «Սինոփսիս Արմենիաե ընկերության նախաձեռնությամբ և իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվ:
Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Ընկերությունը մինչ օրս 125 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:
«ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նվաճումները և դրանց տաղանդավոր հեղինակների ձեռքբերումների գնահատանք է: Մրցանակը համաշխարհային լավագույն փորձը մեր երկրում ներկայացնելու և աշխարհին մեր մասնագետների աշխատանքը հասանելի դարձնելու Հայաստանի փորձն է: Անշուշտ, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությանը՚,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: