Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կապիտալի համալրմանը ձեռնամուխ կլինի 2016 թվականից: Ինչպես հաղորդել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, այդ գործընթացը կտևի 5-6 ամիս:
Նշենք, որ 2017 թվականից նորմատիվով պահանջվող 30 մլրդ.դրամն ապահովելու համար անհրաժեշտ է բանկի կապիտալը համալրել ևս 8 մլրդ.դրամով: Իսկ ավելի վաղ Դ.Հարությունյանը ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել էր, որ նորմատիվային պահանջը կատարելու համար ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դիտարկում է մեկ այլ բանկ գնելու հնարավորությունը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դեռ 2-3 տարի առաջ ձեռնամուխ էր եղել նպատակային բանկ փնտրելուն: «Եթե հաջողվի գտնել, ապա դա կլինի իդեալական, իսկ եթե ոչ, ապա բաժնետերը, ցանկացած պարագայում, պատրաստ են ներդրումների միջոցով համալրել կապիտալը, այդ առումով բանկը պրոբլմներ չի ունենա»,-նշել էր Դ.Հարությունյանը, հավելելով, որ բաժնետերերի կողմից կապիտալի համալրմանը կմասնակցեն բոլոր մաժորիտար բաժնետերերը:
Ըստ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է 22.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 1.7%, իսկ 2015-ի 9 ամիսների ընթացքում` 3.1%: Բանկի կանոնադրական կապիտալը նույն ամսաթվով կազմել է 8.3 մլրդ դրամ, և 2013-ից այս ցուցանիշը չի փոխվել: Բանկի կուտակված շահույթը կազմել է 12,8 մլրդ. դրամ, տարեկան աճը`3,2%: Ըստ վերջին տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի նոր նորմատիվը, որի համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 14-ին համապատասխան փոփոխություններ կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» ՀՀ օրենքի կանոնակարգ 2-ում: Խստացումն ուղղված է բանկերի միաձուլմանն ու միավորմանը, ինչը կբերի այդ հատվածի մասնակիցների խոշորացմանը, ապահովելով կապիտալի մասշտաբի դրական արդյունք, նպաստելով ավելի որակյալ և մատչելի բանկային սպասարկմանը, միաժամանակ ձևավորելով առողջ մրցակցային միջավայր: Բացի այդ, կբարձրանա բանկային գործունեության արդյունավետությունը և կամրապնդվի կայունությունը: Արդյունքում, բարենպաստ միջավայր կձևավորվի նոր տեխնոլոգիաների ու պրոդուկտների ներդրման համար, ինչը կբարձրացնի հայկական բանկերի ներգրավվածությունը կապիտալի միջազգային շուկային` համագործակցության հետագա խորացման համար: Դրա հետ մեկտեղ կբարձրանա բանկային համակարգի ճկունությունը և զանազան տնտեսական իրավիճակների հետևանքով առաջացած ցնցումներին դիմակայելու ունակությունը, ինչպես նաև կխորանա ֆինանսական միջնորդությունը: