Արմինֆո.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր՚ փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել է Վրաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի ներկրման լիցենզիա՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 9-ը գործողության ժամկետով: Համապատասխան որոշման մասին կարգավորող մարմինը հայտարարել է դեկտեմբերի 9-ի նիստում:
Նիստի ընթացքում նշվել է, որ Վրաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրումն իրականացվում է ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար և «Էներգետիկայի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական կարգավարման համաձայն:
Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծում իրականացվում է Հայաստանում, սակայն ավելի վաղ մատակարարումներն իրականացվել են ոչ թե ներքին շուկայում պահանջարկի բավարարման, այլ՝ Իրան արտահանման համար: Մասնավորապես՝ 2009 թվականից նման գործունեության իրականացման լիցենզիա ունի ՙԵրևանի ՋԷԿ՚ ՓԲԸ-ն:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել ՀԾԿՀ-ին՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներ սկսելու լիցենզիա ստանալու նպատակով: Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ներկայացնելով մինչև 2036 թ. Հայաստանի էներգետիկ համալիրի զարգացման ռազմավարությունը, չի բացառել
սեզոնային շրջանում Վրաստանից ավելի էժան էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը: Հաշվի առնելով ՀԷՑ-ի խնդիրները՝ կապված նախկին մենեջմենթի հետ, ավելի էժան էլեկտրաէներգիայի ձեռքբերումը և ներքին շուկայում դրա իրացումը թույլ կտա մեղմացնել նախկին քաղաքականության հետևանքները: