Արմինֆո. 2016 թվականին Հայաստանն ունի երկրի պետբյուջեով նախատեսված 2.2% տնտեսական աճն ապահովելու բոլոր հնարավորությունները: Հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին: «Եթե երկիրն իր ունեցած ռեսուրսներով ապահովի այս ցուցանիշը, դա արդեն վատ չէ: 2.2% աճը գերազանց չէ, բայց գրեթե բավարար ցուցանիշ է»,-նշել է նա:
Տնտեսագետի համար քիչ հավանական է պաշտոնական կանխատեսման գերազանցումը, քանի որ 2016 թվականին Հայաստանն ստիպված կլինի հաղթահարել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են` ՌԴ-ից տրանսֆերտների էական կրճատումը և ռուսական ռուբլու թուլացումը: «Ցավոք, թույլ դիվերսիֆիկացված հայկական տնտեսությունն առայժմ չի կարողանում ազատվել ռուսաստանյան գործոնից»,-մեկնաբանել է Մ.Մելքումյանը: Նրա կարծիքով, չի կարելի անտեսել նաև նավթի գների կտրուկ անկումը, ինչից երկրի տնտեսությունը կարող է տուժել, ինչպես նաև օգտվել:
Տնտեսագետը նշել է, որ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լուծել տարիներով կուտակված համակարգային պրոբլեմները, մասնավորապես, տնտեսությունն ազատել մոնոպոլիաների և օլիգապոլիանների ճիրաններից, բարձրացնել հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը, պայմաներ ստեղծել առողջ և բարեխիղճ մրցակցության համար, համաներում հայտարարել ժամկետանց ագրո- և արդյունաբերական վարկերի գծով, ներդրումների պաշտպանվածոթյուն ապահովել բոլոր ոլորտներում, բարձրացնել ներդրումային կապիտալի իրացվելիոթյունը, արտահանումը խթանել արտարժութային վարկերի պետական սուբսիդավորման միջոցով: «Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ամուր տնտեսական կամք»,-հավելել է պատգամավորը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի հունվարի կանխատեսումով Հայաստանում տնտեսական աճը 2016-ին սպասվում է 2.2%: ՎԶԵԲ կանխատեսումով այդ աճը կկազմի 2%: ՀՀ Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը կանխատեսում է 1.6-2.7% միջակայքում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականի հունվար-նոյեմբերին դանդաղել է` 3.8-ից մինչև 2.9%: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել է 20.6%, մասնավորապես, արտահանումը կրճատվել է 4.7%, իսկ ներմուծումը` 26.2: