Արմինֆո. Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպերի վրա, որը 2015 թվականին 3.9%-ից դանդաղեց մինչև 3.1%, բացասական ազդեցություն ունեցավ ներմուծման էական անկումը (26.5%), ներքին ապրանքաշրջանառությունը 8%-ից կրճատելով մինչև 4.8%: Այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նշելով, որ դրամական արտահայտությամբ ներմուծումը կրճատվել է 1.2 մլրդ.դոլարով, կազմելով 3.2 մլրդ.դոլար, նախորդ տարվա 4.4 մլրդ.դոլարի փոխարեն:
«Ես զարմանում եմ, որ ստեղծված իրավիճակում մեզ մոտ արձանագրվել է տնտեսական աճ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի տնտեսությունում, ես կանվանելի «ներմուծումային ցնցում», երբ բացասական տրենդը խորացել է ավելի քան 20%»,-հայտարարել է փորձագետը:
Ըստ Վ.Խաչատրյանի հաշվարկների, ներմուծված ապրանքների իրացումը ներքին շուկայում 2015 թվականին, 2014-ի համեմատ, կրճատվել է ամսական 100 մլն.դոլարով, ինչից հետևում է, որ Հայաստանի յուրաքանչյոր քաղաքացի մեկ օրում ծախսել է միջին հաշվով 1 դոլար: «Զարմանալի չէ, որ դիտվում է առևտրի կետերի (նաև խանութների) փակման միտում, և մի շարք առևտրի սրահներ տրվում են վարձով, իսկ ապրանքը բաց է թողնվում լիկվիդացիոն գներով»,-մեկնաբանել է փորձագետը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է $ 4.8 մլրդ, տարեկան անկումը` 8%, ներմուծման էական անկումը` 26,5%, իսկ արտահանման անկումը` 3,9%: 2015 թվականի 9 ամիսներին նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը նվազել է 6,6%, մինչև սեպտեմբերի` 46747 դրամը ($ 98), դեկտեմբերի` 49058 դրամի ($ 105) փոխարեն: ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 477.92 դրամ / $ 1, իսկ միայն դեկտեմբերին` 482.93 դրամ / $ 1: Մեկ տարի առաջ փոխարժեքը շատ ավելի ցածր էր, մասնավորապես, 2014-ի հունվար-դեկտեմբերին`415.92 դրամ / $ 1, միայն դեկտեմբերին` 463.53 դրամ / $ 1, իսկ 2013 –ի հունվար-դեկտեմբերին`409.63 դրամ / $ 1,միայն դեկտեմբերին`405 32 դրամ / $ 1:
Նշենք, որ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը 2016 թվականի համար կանխատեսել են Հայստանի ՀՆԱ աճի մինչև 2.2% դանդաղում, ՎԶԵԲ` նույնիսկ մինչև 2%: ՀՀ ԿԲ-ն ՀՆԱ-ի 2016-ի աճի դանդաղումը կանխատեսում է մինչև 1,6-2,7%: Հայաստանի պետական բյուջեով 2016 թվականին ՀՆԱ աճը կկազմի 2,2%: