Չորեքշաբթի, 9 Մարտի 2016 21:53
Նաիրա Բադալյան

"ՙArmenia" նոր ավիաընկերության բաժնետերը կտրականապես հերքում է ավիաընկերության կապիտալում Հայաստանի պաշտոնատար անձանց մասնակցության մասին լուրերը

Արմինֆո. ՙArmenia՚ նոր ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հերքել է ավիաընկերության հետ վարչապետի առնչության մասին լուրերը:

ՙԱմենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ վարչապետը, թե՛ Հայաստանի ղեկավարությունից որևէ մեկն ավիաընկերության հիմնադիրների ցուցակում առկա չէ՚,- հայտարարել է Թամազ Գաիաշվիլին: Նրա խոսքով, այդ լուրերը տարածում են մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել ընկերությանը: ՙՆման խոսակցություններն առաջին հերթին կարող են վնասել Հայաստանի շահերին՚,- հայտարարել է նա: Գաիաշվիլիի խոսքով, հաշվի առնելով երկրի աշխարհագրական բարդ դիրքը՝ Հայաստանն ավիացիայի զարգացմանն այլընտրանք չունի: Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ավիաընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հիշեցնենք, որ ՙArmenia՚ նոր ավիաընկերությունը թռիչքներ կսկսի ապրիլի 21-ից: Առաջին չվերթերը տեղի կունենան դեպի Թել Ավիվ և Մոսկվա: ՀՀ ՔԱԳՎ տեղեկատվության համաձայն, ՙArmenia՚ ավիաընկերության հիմնադիրներն են՝ Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Ռոբերտ Հովհաննիսյանը (25%) և Թամազ Գաիաշվիլին (24%): Թամազ Գաիաշվիլին վրացական ՙAirzena՚ ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ նրա նախկին տեղակալը: