Արմինֆո. «Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող «Азбука Интернета» ծրագիրը մեծ մասսայականություն է վայելում ավագ սերնդի մոտ: Մարտի 11-ին Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղում մեկնարկել է ավագ սերնդի համար բաց դասերը, «Азбука Интернета Հայաստանի Հանրապետությունում» նախագծի շրջանակներում, որը թվով երկրորդն է, բայց առաջինն է 2016 թվականին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ անձնական զրույցում հաղորդել է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը, 2015 թվականին խումբը կազմված էր 12 մասնակցից, և նույնքան մասնակից կլինի նաև 2016 թվականին (55-80 տարեկաններ), քանի որ այդ թվաքանակն ամենաօպտիմալն է այս ուսումնական ծրագրի համար, հաշվի առնելով համակարգիչների քանակը դահլիճում: Ներկա պահին արդեն գրանցվել է 34 ցանկացող, ինչով էլ պայմանավորված կլինի 12-հոգանոց նոր խմբերի ձևավորումը:
Նա հավելել է, որ ներկայումս, Ռոսսոտրուդնիչեստվո-ի հետ համատեղ այս նախագծին ներգրավված են ռուսալեզու մասնակիցներ, բայց շուտով դասընթացներ կկազմակերպվեն նաև հայալեզու մասնակիցների համար: Նախագիծը կիրականացվի Երևանում, ինչպես նաև Գյումրիում, Վանաձորում և այլ խոշոր քաղաքնարում:
2016 թվականի նախագծի մասնակիցներին նվիրվել են գրքեր և օրացույցներ: Ռոսսոտրուդնիչեստվո-ի կրթական ծառայությունների մարկետինգի բաժնի ղեկավար Պյոտր Երյոմենկոյի խոսքով, գրքի տպաքանակը կազմել է 500 օրինակ: Գրքին կարելի է ծանոթանալ նաև Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղի գրադարանում, Հայ-ռուսական համալսարանում և Ռոսսոտրուդնիչեստվոյում:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նախագծի մասնակից Ժաննա Մուրադյանը նշել է. «Որպես բժիշկ ես գտնում եմ, որ նման ծրագրերն անհրաժեշտ են բոլոր թոշակառուներին, քանի որ դրանք զարգացնում են մտածողությունը, հիշողությունը, թույլ են տալիս ավելի մոտ գտնվել երիտասարդներին: Նյութերն ուսանող-կամավորները ներկայացնում են շատ մատչելի: Իսկ գիրքը նույնպես պարունակում է համապատասխան ուղեցույց: Հատկապես դժվար էր տրվում գրանցումը կայքերում»:
«Ուսուցման ընթացքում ավագ սերնդի կողմից հատկապես դժվարությամբ էր ընկալվում Skypeծրագիրը: Կարծում եմ հարկավոր է ավելացնել ուսուցման ժամանակը, մեկ ամսից մինչև մեկուկես ամիս և ավելի, որպեսզի ավագ սերունդը հասցնի յուրացնել գրանցումը սոցիալական կայքերում, ինչպես նաև մյուս ծրագրերով աշխատելը»,-նշել է ուսանող-կամավոր, Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ուսանողական կոմիտեի նախագահ Լիլիթ Պետրոսյանը:
Նշենք, որ «Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։ Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։ «Ռոստելեկոմի» կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում «Азбука Интернета» ձեռնարկի խմբաքանակը պաշտոնական պայմաններում փոխանցվեց Հայաստանի Ազգային գրադարանի պահոց։ «Азбука Интернета» ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։
Նշենք, որ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: