Երկուշաբթի, 21 Մարտի 2016 19:21
Ալինա Հովհաննիսյան

Անելիք Բանկի միջոցով չաշխատող մայրերը կարող են ստանալ «Մայրության նպաստ»

Անելիք Բանկի միջոցով չաշխատող մայրերը կարող են ստանալ «Մայրության նպաստ»

Արմինֆո. Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում չաշխատող մայրերը կարող են ստանալ «Մայրության նպաստը»։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն դիմելուց և համապատասխան ձևակերպումներից հետո, յուրաքանչյուր չաշխատող մայր կարող է այցելել Անելիք Բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձնագիր ու սոցիալական քարտ և ստանալ իրեն հասանելիք «Մայրության նպաստը»։

«Սիրելի մայրեր, ցանկանում եմ տեղեկացնել, որ չաշխատող մայրերին  տրամադրվող նպաստի համար բանկային հաշվի բացումն ու սպասարկումը կատարվում է անվճար։ Հատուկ շեշտեմ, որ չաշխատող մայրերին տրամադրվող «Մայրության նպաստը», երեխայի ծննդյան միանվագ նպաստը չէ, սակայն վերջինս ստանալու համար ևս հրավիրում եմ Անելիք Բանկ, որտեղ մեր մասնագետները սիրով կսպասարկեն ձեզ։ Տեղին է հիշեցնել, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար բանկում բացվում է պետական աջակցության հաշիվ, որի բացումն ու սպասարկումը նույնպես անվճար է, իսկ մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 12% տոկոսադրույք»,- նշել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և չաշխատող մայրերին հիշեցրել, որ պետության կողմից տրամադրվող «Մայրության նպաստը» կազմում է 126.645 ՀՀ դրամ։

Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականտերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի: