Արմինֆո. Էրիկ Աբրահամյան: Մայիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ԴիջիԹեք 9-րդ գործարար համաժողովին նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ամենամյա ԴիՋիԹեք գործարար համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 17-ից 18-ը՝ «Էլիտ պլազաե բիզնես կենտրոնում:
Ասուլիսի բանախոսները, ընդգծելով ԴիջիԹեք գործարար համաժողովի կարևորությունը ՏՏ ոլորտի ռազմավարական խնդիրների բացահայտման, դրանց լուծումների առաջարկման և երկարաժամկետ ծրագրերի նախանշման առումով, լրագրողներին մանրամասն ներկայացրել են համաժողովի օրակարգը, քննարկվելիք թեմաները, նախատեսվող միջոցառումների նպատակը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը Հայաստանի համար չափազանց արդիական է համարել ինովացիոն ենթակառուցվածքների զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում:
ՙԱնհրաժեշտ է ստեղծել այնպիսի ներդաշնակ համակարգ, որը հնարավորություն կտա կապելու բիզնեսը գիտելիքի հետ՚, - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այդ նպատակի իրականացման համար պետք է կոնսոլիդացնել բոլոր համապատասխան կառույցների ներուժը:
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համարե խորագիրը կրող երկօրյա համաժողովը լավ հարթակ կհանդիսանա ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: ԴիջիԹեք գործարար համաժողովը հնարավորություն կտա ակտիվացնելու ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործողությունների առաջիկա ծրագրի մշակման գործընթացում:
Այս տարի գործարար համաժողովի շրջանակում կծավալվեն քննարկումներ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շուրջ` շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում կլինի նաև Եվրոպական գործարարների (Yes For Europe) և Հայ-գերմանական բիզնես համաժողով:
ՀՀ գործարար համայնքի ու պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվում են նաև քննարկումներ ՏՏ ներդրումային էկոհամակարգերի, ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորման, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության և այլ արդիական թեմաների շուրջ:
B2B (Բիզնեսը՝ բիզնեսի համար) ձևաչափով անցկացվող այս համաժողովի հիմնական այցելուները կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն: Այս տարի ակնկալվում է շուրջ 70 ընկերությունների մասնակցություն և մոտ 2000 այցելուներ:
ԴիջիԹեք գործարար համաժողովն անց է կացվում 2008 թվականից: Ամենամյա միջոցառումն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: