Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը կարևորել է ԱՄԷ-ի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացումը՝ նշելով, որ դրա համար առկա է մեծ ներուժ: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի իրականացմանը:
Դեսպան Կասիմին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն օժանդակելու համար և գոհունակություն հայտնել ՀՀ և ԱՄԷ-ի միջև վերջին շրջանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումներից: Պարոն Կասիմին նշել է, որ նախորդ տարվա ընթացքում աճել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, ներդրումներ են իրականացվել ՀՀ գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ ներդրողները շահագրգռված են ՀՀ-ում տարբեր ոլորտներում, այդ թվում անշարժ գույքի ոլորտում ներդրումների իրականացմամբ և այժմ նախապատրաստվում է ԱՄԷ մի խումբ գործարարների այցը Հայաստան: Ըստ դեսպանի, զգալիորեն աճել է ԱՄԷ-ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, ովքեր մեր երկիր են այցելում նաև բուժման նպատակով:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ծավալված արդյունավետ համագործակցությունը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը:
Հանդիպման ավարտին դեսպան Կասիմին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԱՄԷ կառավարության ղեկավար Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի՝ Դուբայի Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |