Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Qatar Airways՚ ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլևիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը ողջունել և կարևորել է քաթարական ավիաընկերության մուտքը հայկական ավիացիոն շուկա և նշել, որ այն կնպաստի Հայաստանի ու Քաթարի միջև տնտեսական համագործակցության, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում կապերի ակտիվացմանն ու զարգացմանը:
Նշելով, որ ՀՀ-ում 2013 թվականից ավիացիայի ոլորտն ազատականացվել է՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը և ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաև Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագրի վերանայումը. քննարկումներ են սկսվել նաև ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ:
Իր հերթին, Հյու Դանլևին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ցուցաբերած օժանդակության համար և նշել, որ «Qatar Airwaysե-ը պատրաստ է իրականացնել Դոհա-Երևան-Դոհա շաբաթական չորսական չվերթ՝ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Քաթարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենի խոսքով՝ իրենք ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել ընկերության գործունեության ուղղությունները, ինչը կնպաստի նաև Հայաստանի ու Քաթարի միջև փոխշահավետ երկարաժամկետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, Qatar Airways-ը սկսում է թռիչքներ դեպի Երևան: Ավիաչվերթներն իրականացվում են Ա320 ինքնաթիռով` երկուշաբթի, Սակայն ավելի մեծ ֆինանսական արդյունավետության հասնելու համար նախատեսվում է ապագայում իրականացնել ամենօրյա ավիաչվերթներ:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա, ինչպես նշել է Հյու Դանլևին, այն կլինի ՙդինամիկ, ճկուն և մրցունակ՚: Քաթարի ազգային ավիափոխադրող Qatar Airways-ը արագ աճող ավիաընկերություններից մեկն է: 2015 թվականին այն երրորդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն ավիաընկերություն Մերձավոր Արևելքում: