Արմինֆո. Open System's International ամերիկյան խոշորագույն ՏՏ ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով: Այդ մասին մայիսի 18-ին Երևանում հայ-ամերիկյան բիզնես համաժողովի ժամանակ հայտարարել է Միջին Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում վերջինիս ներկայացուցիչ Յուսուֆ Պետիվալան՝ նշելով, որ ընկերությունն ընդգրկում է ԱՄՆ շուկայի 65%-ը:
Նրա խոսքով, արդեն 6 ամիս է, ինչ Open System's International ընկերությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տնտեսական հարցերի դեպարտամենտի հետ համատեղ համապատասխան ուսումնասիրություններ է կատարում:
Պատասխանելով Հայաստանում կոռուպցիայի մակարդակի առնչությամբ ամերիկացի ներկայացուցիչների մտահոգության վերաբերյալ լրագրողների հարցին՝ Յու. Պետիվալան նշել է. ՙՀանդիսանալով ամերիկյան ընկերություն՝ չենք կարող որևէ առնչություն ունենալ կոռուպցիայի հետ, այդ պատճառով այժմ մենք զբաղված ենք հայկական շուկայի և գործարար միջավայրի հնարավորությունների ուսումնասիրմամբ՝ հետագա քայլերը որոշելու նպատակով: Հայաստանի շուկայում Open System's International-ի կողմից բիզնես ծրագիր ներկայացնելու հավանականությունը, ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, կորոշվի մոնիտորինգի անցկացումից հետո միայն:
Նշենք, որ մեկօրյա հայ-ամերիկյան բիզնես համաժողովը կազմակերպվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Հայ-ամերիկյան առևտրային պալատի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Կոնվերս բանկի կողմից՝ ներկայացնելու ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները: Համաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական այլ կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |