Արմինֆո. 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտի Ucom ընկերությունը միայն իր սեփական ցանցի վերազինմանը կուղղի ավելի քան 30 մլրդ.դրամ, որից 15-20 մլրդ.դրամն արդեն ներդրվել է: Մայիսի 25-ին այս մասին հայտարարել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Նրա խոսքով, ներկայումս ընկերությունն աշխատում է տարբեր ուղղություններով: «Առաջին պրոդուկտը, որը մենք կթողարկենք, կապված կլինի շարժական կապի սպասարկման հետ, դա կլինի Upay վճարա-հաշվարկային համակարգը»,-ընդգծել է Եսայանը:
Նա նշել է, որ որոշ նորամուծություններ կլինեն հեռուստատեսության ոլորտում: «Հայաստանում Ucom ընկերությունն առաջինն էր, որ ներդրեց IP-հեռուստատեսությունը: Մենք կշարունակենք կատարելագործել այդ ուղղությունը: Նորամուծություններ կլինեն նաև Mobile հեռուստատեսության ոլորտում»,-հաղորդել է նա, հավելելով, որ սպասարկման նոր որակն արդեն մատչելի կդառնա առաջիկա ամիսներին:
Պատասխանելով ընկերության կողմից 4G/LTE համակարգի ներդրման վերաբերյալ հարցին, նա նշել է, որ ներկայիս փուլում համակարգի աշխատանքն ստուգվում է թեստային ռեժիմում: «Թեստավորման արդյունքներից մենք շատ ու շատ գոհ ենք»,-հայտարարել է նա: 300 մ/բիտ և ավելի արագությունը ձեռք կբերվի նոր ագրեգացիոն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում: 4G/LTE ցանցի բազային կայաններ կկառուցվեն Երևանում և մարզերում: Նա տեղեկացրել է, որ բարձր արագությունների հասնելու համար նախատեսվում է մի քանի հաճախականությունների օգտագործում: «Սա բջջային կապի նոր տրենդ է, և ոչ բոլոր հեռախոսներն են ընդունում կապի այս տեսակը, բայց մենք աշխատում ենք այդ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, որպեսզի մեր բաժանորդները հետ չմնան միջազգային տրենդներից»,-նշել է նա: Եսայանը նշել է նաև, որ իրականացվում է 3G ցանցի ընդլայնում և 900 բազային կայանների վերազինում: Եսայանի խոսքով, առաջիկա 2 տարիներյն նախատեսվում է ծածկույթը տարածել Հայաստանի ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ հայկական «Յուքոմ» ընկերությունը(Universal Communications) հիմվել է 2007 թվականին: «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր: