Երեքշաբթի, 31 Մայիսի 2016 21:42
Ալինա Հովհաննիսյան

ՎԶԵԲ ներկայացուցիչ. ՓՄՁ ոլորտում 2013 թվականին բացահայտված պրոբլեմներն արդիական են նաև այսօր

ՎԶԵԲ ներկայացուցիչ. ՓՄՁ ոլորտում 2013 թվականին բացահայտված պրոբլեմներն արդիական են նաև այսօր

Արմինֆո. Եվրոբանկի կողմից Հայաստանի ՓՄՁ ոլորտում 2013 թվականին բացահայտված պրոբլեմներն արդիական են նաև այսօր: Մայիսի 31-ին տնտեսական լրագրողների և Kondard Adenauer Stiftung ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ ձեռնարկատիրության աջակցման բաժնի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

 

Այսպես, 2013 թվականին բացահայտված հիմնական պրոբլեմների շարքում նա նշել է ֆինանսական մատչելիության բացակայությունը, ինչպես նաև մաքսային սահմանափակումները և հարկային վարչարարությունը: Փորձագետը նշել է, որ այդ պրոբլեմների առկայությանը նպաստում է շուկայի մենաշնորհայնացվածությունը, ինչըն ահավասար պայմաններ է ստեղծում ՓՄՁ սուբյեկտների համար:

 

Նշելով, որ ՓՄՁ ոլորտի սուբյեկտների 85% զբաղված է առևտրով, Գ.Պողոսյան ընդգծել է ստեղծված իրավիճակի կարգավորման կարևորությունը: «ՓՄՁ ոլորտի ձեռնարկությունների նորմալ գործունեության համար անհրաժեշտ է արգելել հիպերմարկետների շինարարությունը քաղաքի կենտրոնական մասում կամ բնակելի շրջաններում»,-առաջարկել է նա: Ըստ ՎԶԵԲ ներկայացուցչի, այս հարցը պետք է դառնա կառավարության հետ քննարկումների առարկա, ինչի արդյունքում կիրականացվեն մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն մենաշնորհների աստիճանաբար վերացմանը Հայաստանի շուկայից:

 

Նշենք, որ այսօր Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, կա մոտ 70 հազար ՓՄՁ ոլորտի սուբյեկտ, որից 58 հազարը հանդիսանում է  միկրո և փոքր, իսկ 10 հազարը`միջին ձեռնարկություն: ՓՄՁ-ների մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում 2015 թվականին նվազել է 30% (նախորդ տարի`42%), իսկ հատվածն ապահովում հարկային եկամուտների միայն 6%-ը: