Արմինֆո. Համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը հունիսի 24-ին Երևանում ֆինանսական կազմակերպությունների համար անցկացրել է «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով գործնական սեմինարը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերությունից, սեմինարին մասնակցել են ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, ներդրումային ընկերություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։
Սեմինարը վարել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար մասնագետները։ Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը՝ ներկայացնելով «Ինֆորմացիոն անվտանգության խնդիրները ֆինանսական ոլորտում»։ Օրակարգում էին նախավաճառքային աջակցության բաժնի ճարտարագետ Եվգենի Բուդարինի զեկուցումը՝ «Ֆինանսական կազմակերպությունների վրա թիրախային գրոհներ։ Ֆինանսական ինդուստրիայի գլոբալ պաշտպանություն՝ տվյալների մշակման կենտրոնից մինչև բանկոմատ» թեմայով, նախավաճառքային աջակցության ճարտարագետ Ալեքսեյ Կալիննիկովի զեկուցումը՝ «Ֆինանսական խարդախությունները և դրանց դեմ պայքարի միջոցները։ Հեռավար բանկային սպասարկման պաշտպանությունը և ֆինանսական գործարքները» թեմայով։ Եվգենի Բուդարինը վարել է նաև Kaspersky Interactive Protection Simulation ֆինանսական հաստատությունների համար բնիզնես-խաղը։
«Հայաստանում վերջին տարվա ընթացքում ավելի հաճախակի են դարձել ֆինանսական կիբեռհանցագործությունները, և չարագործները դիմում են ինչպես ֆինանսական կազմակերպությունների օգտվողներին, այնպես էլ հենց ֆինանսական հաստատությունները թալանելու ավելի ու ավելի բարդ մեթոդների։ Կիբեռսպառնալիքներին դիմակայելու և դրանք կանխարգելելու համար ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ծառայությունների աշխատակիցները պետք է տիրապետեն ժամանակակից կիբեռսպառնալիքների, դրանց դեմ պայքարի եղանակների և գործիքների մասին նորագույն գիտելիքների։ Այդ գիտելիքները և գործիքները կներկայացվեն «Հայացք ֆինանսական անվտանգությանը» գործնական սեմինարի մասնակիցներին, և նրանք կկարողանան ավելի հուսալի մակարդակի բարձրացնել ինչպես իրենց ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ իրենց հաճախորդների միջոցների պաշտպանությունը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Նշենք, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հանդիսանում է տեղեկատվական անվտանգության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն աշխարհում: Ընկերությունը գործունեություն է իրականացնում 200 երկրներում, 32 երկրում ունի 37 գրասենյակ: Ընկերությունում աշխատում է մոտ 3300 որակյալ մասնագետ: