Արմինֆո. InterContinental Hotels Group-ը (IHG)՝ համաշխարհային առաջատար հյուրանոցային օպերատորներից մեկը, հայտարարում է Crowne Plaza Yerevan Armenia-ի բացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին: Անցած տարի Երևանում Holiday Inn և Holiday Inn Express ապրանքանիշերի ներքո առաջին հյուրանոցների բացման վերաբերյալ համաձայնագրերից հետո կնքված նոր պայմանագիրը վկայում է տարածաշրջանում IHG-ի առաջարկի ընդլայնման մասին: Հյուրանոցը կբացվի 2018 թվականին՝ Hotel SR LLC կառավարման ներքո:
CRE.RU-ի տեղեկացմամբ, Crowne Plaza Yerevan-ը տեղակայվելու է Մեսրոպ Մաշտոցի պողոտայում՝ քաղաքի պատմական կենտրոնի և գործնական շրջանների անմիջական հարևանությամբ: Հյուրանոցից մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում մայրաքաղաքի հիմնական տեսարժան վայրերը, այդ թվում՝ «Կասկադ՚ ճարտարապետական համալիրը, Մատենադարանը և Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Crowne Plaza Yerevan-ը գտնվելու է նորակառույց շենքում և հյուրերին առաջարկելու է 98 համար, այդ թվում՝ 2 լյուքս, 12 ակումբային և 84 ստանդարտ համար: Հյուրանոցում լինելու են լոբբի-բար և ռեստորան՝ գլխավոր փողոցից առանձին մուտքով: Գործնական հանդիպումների և միջոցառումների անցկացման համար հյուրերը կարող են օգտվել 120 քմ մակերեսով կոնֆերենց-սրահից և ավելի փոքր խմբերի համար բանակցությունների սենյակից՝ 18քմ մակերեսով:
«Ուրախ ենք Հայաստանի մայրաքաղաքում Crowne Plaza ապրանքանիշը ներկայացնելու և Hotel SR LLC հետ համագործակցությունը սկսելու համար: Այս ապրանքանիշի թիրախը նպատակասլաց և կարիերայով ուղղորդված ճանապարհորդներն են՚,- ասել է Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթյան երկրներում և Սկանդինավիայում IHG-ի ռազմավարության զարգացման գծով տնօրեն Ալեկսեյ Կորոբկինը:
«Երևանը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում հայ և միջազգային ճանապարհորդների շրջանում: Մայրաքաղաքում գործարար ակտիվությունը թափ է հավաքում և հնարավոր չէր պատկերացնել ավելի հարմար ժամանակ Crowne Plaza-ն Երևանում բացելու համար: Վստահ ենք, որ հյուրընկալության ոլորտում IHG-ի փորձի, Crowne Plaza ապրանքանիշի ուժի և անշարժ գույքի ոլորտում մեր փորձաքննության շնորհիվ շուկայում ևս մեկ հաջող նախագիծ կհայտնվի՚,- ասել է Hotel SR LLC-ի տնօրեն Ստանիսլավ Համբարձումյանը:
Crowne Plaza Hotels & Resorts-ն աշխարհում պրեմիում դասի ամենախոշոր հյուրանոցային ապրանքանիշերից մեկն է՝ ավելի քան 404 հյուրանոց 63 երկրներում: Նոր Crowne Plaza Yerevan-ում գործելու է Crowne Plaza Sleep Advantage ծրագիրը, որն առաջարկում է նորարար ապրանքատեսականի և լուծումներ գիշերային հանգիստ քնի համար՝ հարմարավետ մահճակալներից և երաշխավորված հեռախոսազանգերից, որոնք կարթնացնեն հյուրին անհրաժեշտ պահին, մինչև հատուկ «հանգիստ գոտիներով՚ հարկերը և արոմաթերապևտիկ միջոցները:
Crowne Plaza Yerevan-ը կլինի այս ապրանքանիշի ներքո գործող վեցերորդ հյուրանոցն ԱՊՀ երկրներում: Այսօր տարածաշրջանում գործում է 23 IHG հյուրանոց, նախատեսվում է բացել ևս 22-ը: