Արմինֆո. ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ստորագրվել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ-Խուրին:
Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Այն ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:
Գարեգին Մելքոնյանը հայտնել է, Հայաստանի և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառությունը 2015 թ. կազմել է շուրջ $54,7 մլն: $31 մլն ցուցանիշ ձեռք է բերվել արդեն 2016 թ. 5 ամիսներին: 2016 թ. հունվար–մայիսին, փոխնախարարի խոսքով, արձանագրվել է ապրանքաշրջանառության աճ, մասնավորապես, արտահանման մասով՝ $13,5 մլն (անցած տարի կազմել է $2,8 մլն): Արտահանման աճ հիմնականում ձեռք է բերվել ալմաստների, ոսկերչական իրերի, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալների ավելացման հաշվին: 2015 թ. ԱՄԷ-ն շուրջ $25 մլն ներդրումներ է կատարել Հայաստանում՝ հիմնականում ոսկերչական գործի և գյուղատնտեսության ոլորտում: Մելքոնյանի խոսքով, Հայաստանը ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտներ է համարում սննդարդյունաբերությունը, ջերմոցային տնտեսությունները, վերամշակման ոլորտը և գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտը: Եվ մեկ գերակա ուղղություն է ոսկերչական ոլորտը, ավելացրել է փոխնախարարը: ՙԻրական ներուժը զգալիորեն գերազանցում է արձանագրված ցուցանիշները , և մենք պետք է ձգտենք ավելի բարենպաստ արդյունքների: Դրան կարող է նպաստել նաև ստորագրված համաձայնագիրը՚,- հայտարարել է Մելքոնյանը: Ներկայումս Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր շուրջ 41 երկրի հետ: