Հինգշաբթի, 28 Հուլիսի 2016 15:10
Նաիրա Բադալյան

Թեհրանի նահանգապետարանը հետաքրքրված է ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կազմակերպմամբ

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետի տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ պարոն Մոհամմադ Էմամի Ամինը: Հանդիպմանը ներկա էր նաև Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:   

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,

այցի նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում:

 

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումն ավելի կնպաստի տարբեր ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացմանն ու խորացմանը՚, - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Պատվիրակության անդամներն իրենց հերթին տեղեկացրել են, որ նկատի ունենալով Հայաստանի ադնամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Թեհրանի նահանգապետարանը հետաքրքրված է ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի  արտահանման կազմակերպմամբ:

Արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել համատեղ ընկերությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու նպատակով:

 

Հանդիպման ավարտին Սերգո Կարապետյանը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների համագործակցության սերտացմանն ուղղված նախաձեռնություններին: