Արմինֆո. Անելիք Բանկի MasterCard և Maestro քարտերի քարտապանները 2016թ. օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը կատարելով 8000 և ավել ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ և ներկայացնելով այդպիսի 8 կտրոն Dalma Garden Mall-ում և Yerevan Mall-ում գտնվող նվերների տրամադրման կենտրոններ, կստանան կինոյի տոմսեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Անելիք Բանկը միացել է «Արմենիան Քարդ» և MasterCard ընկերությունների համատեղ նախաձեռնությանը՝ նպաստել անկանխիկ գործարքների կիրառմանը, MasterCard քարտերի առաջխաղացմանը և նոր քարտապանների ներգրավմանը: Ակցիային մասնակցող Բանկի բոլոր հաճախորդները կստանան կինոյի տոմս` նախատեսված երկու հոգու համար:
«Անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված մեր գործընկերներների այս ծրագրին Անելիք Բանկը միացել է ուրախությամբ՝ հաճելի անականկալ պատրաստելով այս անգամ մեր քարտապան հաճախորդների համար: Տրամադրվող տոմսերը նախատեսված են Dalma Garden Mall և Yerevan Mall կինոթատրոններում երկուշաբթից-շաբաթ օրերին ժամը 12:00-20:00 ընկած ժամանակահատվածում կինոդիտման համար: Վստահ եմ, որ առաջիկայում ևս մեր հաճախորդներին հնարավորություն կունենանք առաջարկել հարմարավետ բանկային գործիքներ, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ստանալ հաճելի անակնկալ նվերներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով Անելիք Բանկը գտնվում է Հայաստանի բանկային համակարգի լավագույն տասնյակում - ավելի քան 90 հազար քարտ (2016-ի ապրիլի 1-ի դրությամբ), որի ավելի քան 40 հազարը կազմոմ են MasterCard քարտերը, մոտ 16 հազարը`Visa քարտերը, և 34 հազարը`տեղական ArCa քարտերը: Տարեկան կտրվածքով բանկը MasterCard քարտերի թիվն ավելացրել է 6 անգամ: Պլաստիկ գործարքների ծավալը 2015 թվականին կազմել է ավելի քան 26 մլրդ դրամ, որտեղ ավելի քան 15 մլրդ.դրամ են կազմում բանկոմատներով կատարված գործարքները: Անելիք Բանկը հայկական բանկերից առաջինն էր, որն սկսեց միաժամանակ աշխատել երկու միջազգային համակարգերի` Visa-ի և MasterCard-ի հետ, միաժամանակ ակտիվորեն թողարկելով և սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank- S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95% -ից հասցրեց 100%-ի: