Արմինֆո. Մինչև 200 եվրո արժեքով ապրանքները Հայաստանի մաքսատանը կարող են ձևակերպվել պարզեցված ընթացակարգով, առանց լրացուցիչ վճարների: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով, ՓՄՁ ներկայացուցիչները և ձեռնարկատիրական գործունեոթյուն չիրականացնող անձինք բազմաթիվ անգամ բարձրացրել են այս հարցը, որ բարձր գներ չունեցող ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում ստիպված են կատարել վճարներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ գերազանցում են այդ ապրանքի արժեքը:
Օրինակ, ինչպես նշել է նախարարը, տեղեկատուներ ներմուծելիս, որոնց արչժեքը կազմում է 5 հազար դրամ, քաղաքացիներն ստիպված են որպես մաքսային տուրք վճարել 6 հազար դրամ, ինչպես նաև կատարել այլ ծախսեր, այդ թվում նաև բրոքերական ծառայությունների համար`10-15 հազար դրամ: «Սա դարձել է լուրջ խնդիր: Ելնելով դրանից, ՀՀ կառավարությունը և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային օրենսդրությունում»,-հայտարարել է Մինասյանը:
Ըստ նախարարի, երկրորդ նորամուծությունն այն է, որ այսուհետ քաղաքացիները մաքսային ձևակերպման համար կարող են չդիմել մաքսային բրոքերին, քանի որ թոյլատրվում է հայտարարագրի ինքնուրույն կազմումը: Ըստ նախկին կանոնների, նշել է նախարարը, ապրանքի մասին հայտարարագիր կազմելու կամ տվյալներն էլեկտրոնային համակարգ փոխանցելու համար նախկինում պահանջվում էին մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև համապատսխան թույլտվություն: Ամենայն հավանականությամբ, նշել է Մինասյանը, օրենսդրական այս փոփոխոթյունները հավանության կարժանանան խորհրդարանի աշնանային նստաշրջանում:
Հիշեցնենք, որ ըստ Մաքսային միության անդամ-երկրների սահմաններով ապրանքների տեղափոխման մաքսային ձևակերպման կարգի, եթե դրանց արժեքը (տրանսպորտային ծախսերի հետ միասին) չի գերազանցում 200 եվրոն, կարող են ձևակերպվել պարզեցված ընթացակարգով, առանց լրացուցիչ փաստաթղթերի ու տեղեկությունների տրամադրման: Իսկ այն ապրանքների համար, որոնց արժեքը գերազանցում է 200 եվրոն (տրանսպորտային ծախսերի հետ միասին), ինչպես նաև այն ապրանքների, որոնց արժեքը չի գերազանցում 200 եվրոն, բայց պահանջվում է լրացուցիչ փաստաթղթերի ու տեղեկությունների տրամադրում, ենթակա են անհատական մաքսային հայտարարագրման ընթացակարգին: