Արմինֆո. 2016թ.-ի սեպտեմբերի 1-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակված լրացուցիչ բաժնետոմսերը ներառում են 2,500 ՀՀ դրամ անվանական արժեքով 441,186 հատ բաժնետոմս (ISIN - AMHEZBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են HEZB բորսայական հապավմամբ: Հիշեցնենք, որ Բանկի հասարակ անվանական բաժնետոմսերը 2002թ.-ից ցուցակված են Բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Ներկայումս ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում է 1,707,995 հատ:
Նշենք, որ մայիսին Հայէկոնոմբանկը ՀՀ ԿԲ քննարկմանն էր ներկայացրել բաժնետոմսերի նոր թողարկման իրականացման հայտը: IPO մեկնարկեց հունիսին և կավարտվի 2016 թվականի նոյեմբերին: Բանկի բաժնետոմսերի նոր թողարկման ծավալը կազմում է 5 000 011 400 դրամ:
Դրանից մի քանի օր առաջ ԿԲ տվեց Հայէկոնոմբանկի և ԲՏԱ Բանկի միավորման վերաբերյալ իր նախնական համաձայնությունը, ինչի արդյունքում միավորված Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը գերազանցեց 20 մլրդ.դրամը, գործարքի միջոցով ավելանալով ավելի քան 4 մլրդ.դրամով: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ որոշմամբ Հայաստանի բանկերի ընդհանուր նորմատիվային կապիտալը 2017 թվականից պետք է կազմի առնվազն 30 մլրդ.դրամ:
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը հանդիսանում է Հայաստանի հնագույն բանկերից մեկը և ստեղծվել է ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում, հանդիսանալով Բնակսոցբանկի իրավահաջորդը: Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1): 1997 թվականին Հայէկոնոմբանկի մեծամասնական վերահսկող բաժնետեր դարձան Սուքիասյանների ընտանիքի անդամները: 2004-ին, բանկը պայմանագիր ստորագրեց ՎԶԵԲ- հետ, ներգրավելով բանկին իր սեփական կապիտալում` 25% + 1 մասնաբաժնով: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ մաժորիտար բաժնետերերն են`ՎԶԵԲ - 11,05%, Սարիբեկ Սուքիասյան - 25.9%, Խաչատուր Սուքիասյան`14,38%, Ռոբերտ Սուքիասյան - 14,97%, Էդուարդ Սուքիասյան - 11.18%: Ընդհանուր առմամբ, Սուքիասյան ընտանիքին է պատկանում Բանկի բաժնետոմսերի 66,43% մասնաբաժինը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի Բանկերի Ռենկինգի, Հայէկոնոմբանկի ակտիվները 2016-ի հուլիսի 1-ին կազմել են 114.2 մլրդ դրամ (տարեկան աճը`16%), այդ թվում, վարկային ներդրումները կազմել են`68.4 մլրդ.դրամ (տարեկան աճը` 25%), ընդհանուր պարտավորությունները` 95.7 մլրդ դրամ (տարեկան աճը`9%): Բանկն ունի 40 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 20-ը Հայաստանի մարզերում, իսկ 1–ը` Ղարաբաղում: