Արմինֆո. Արմսվիսբանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը ներկայումս կազմում է շուրջ 33 մլրդ ՀՀ դրամ` մարտի վերջի 30.4 մլրդ դրամի և տարեսկզբի 19 մլրդ դրամի դիմաց: Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են բանկի մամուլի ծառայությունում, կապիտալի ավելացումն ապահովվել է մարտ ամսին բաժնետերերի կողմից 8 մլրդ դրամ ուղիղ ներարկումների շնորհիվ: Կապիտալի համալրումը թելադրված է 2017 թվականի հունվարի 1-ից բանկերի նվազագույն ընդհանուր կապիտալի 30 մլրդ դրամ նվազագուն չափի ապահովման ՀՀ ԿԲ նորմատիվը կատարելու անհրաժեշտությամբ, որը ներկայում կազմում է 5 մլրդ դրամ:
2016 թվականի մարտի 10-ից Արմսվիսբանկի բաժնետերերի 80%-ի սեփականտերն է «HVS Holding» ընկերությունը, որը կառավարվում է Վարդան Սիրմակեսի կողմից և գրանցված է Լյուքսեմբուրգում, իսկ մնացած 20%-ի սեփականատերն է Վարդան Սիրմակեսի կողմից վերահսկվող BELEGINGSMACHEPIJ JONGO ընկերությունը, որը գրանցված է Հոլանդիայում: Այդպիսով մինչ այդ Արմսվիսբանկի ուղղակի սեփականտեր Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկում իր ուղղակի մասնակցությունը փոխարինել է իր արտասահմանյան ընկերություններով:
Հիշեցնենք, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին` աշխարհում հայտնի "Franck Muller Watchland" ժամացույցի գործարանի հիմնադիր, համասեփականատեր և գործադիր տնօրեն Վարդան Սիրմակեսի կողմից: Արմսվիսբանկը Հայաստանի առաջատար բանկն է արժեթղթերի թողարկման, մարկետմեյքերի և դեպոզիտարական ծառայությունների տրամադրման գծով: Բանկը 2006 թվականից հանդիսանում է կառավարության գործակալը՝ պարտատոմսերի առաջնային շուկայում: 2014 թվականին բանկն առաջնային շուկայում կազմակերպեց թողարկումների 63%-ը: 2013 թվականից բանկը հանդիսանում է հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության «Հայաստանի բանկերի Ռենքինգի», Արմսվիսբանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հուլիսի 1-ին կազմել է 22,7 մլրդ դրամ (տարեկան աճը` 27,8%), կանոնադրական կապիտալը` 10.1 մլրդ դրամ (առանց տարեկան փոփոխության), կուտակված շահույթը` 9.9 մլրդ դրամ (տարեկան աճը` 37,7): 2016 թվականի առաջին կիսամյակում Արմսվիսբանկի զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2 անգամ, մինչև 1.7 մլրդ դրամ, զգալիորեն բարելավելով բանկի դիրքն այդ ցուցանիշի գծով և զբաղեցնելով 4-րդ տեղն առաջատարների հնգյակում: Բանկի ակտիվներում 47,2% կազմում են վարկային ներդրումները (առյուծի բաժինը` վարկեր տնտեսությունում, հիմնականում, ՓՄՁ-ում, արդյունաբերությունում և ագրոհատվածում), իսկ 36.7% -ը` ներդրումներն արժեթղթերում (հիմնականում պետական պարտատոմսեր): Արժեթղթերում կատարված ներդրումների գծով բանկը պահպանում է առաջատարի դիրքերը: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ միայն 7 բանկերի ընդհանուր կապիտալն է գերազանցում 2017 թվականից սահմանված 30 մլրդ դրամը, նույնքան բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալը գերազանցում է այդ շեմը:
Նշենք, որ Վարդան Սիրմակեսը մի շարք խոշոր ներդրումայն և բարեգործական նախագծեր է իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Հայտնի է նաև, որ Սիրմակեսը հանդիսանում է Բելառուսի կարևորագույն ներդրողներից մեկը: 2000-ական թվականների սկզբին նա ձեռք բերեց «Մինսկի ժամացույցի գործարան» ԲԲԸ («Լուչ» ապրանքանիշ) արժեթղթերի զգալի բաժնեմասը, կատարելով խոշոր ներդրումներ: Նա նաև հանդիսանում է ԲՍԲ Բանկի (նախկին Բելսվիսբանկի) վերջնական շահառուն: