Արմինֆո. Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եվրոպական կոնվենցիայի կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակում Ժնևում ընթանում է կոմիտեի նիստ, որի անդամները կվերլուծեն Մեծամորում նոր ԱԷԿ կառուցման էկոլոգիական հետևանքների գնահատման համար Հայաստանի ջանքերը, հաղորդում է ՄԱԿ պաշտոնական կայքը:
Կոմիտեն կքննարկի նաև, թե որքանով է կոնվենցիայի դրույթներին համապատասխանում Ադրբեջանի օրենսդրությունը: Նիստի օրակարգում են նաև Օստրովեցկի ԱԷԿ կառուցմանն առնչվող Բելառուսի և Լիտվայի գործողությունները, ինչպես նաև Ռովնոյի ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման առնչությամբ Ուկրաինայի ձեռնարկած միջոցները:
Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիան (Էսպոյի կոնվենցիա) միջազգային համաձայնագիր է, որը նախաձեռնվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից և ընդունվել 1991 թվականին Էսպոյում, Ֆինլանդիա ( ուժի մեջ է մտել 1997 թվականին )։ Համաձայն կոնվենցիայի՝ պոտենցիալ վտանգավոր նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը ( ներառյալ հասարակական լսումները ) պետք է անցկացվի ոչ միայն պետության ներսում, այլ նաև սահմանամերձ երկրներում, որոնք կարող են ենթարկվել տվյալ օբյեկտների շահագործման ազդեցությանը։ Ըստ Կոնվենցիայի դրույթների գնահատման գործընթացը անհրաժեշտ է իրականացնել նախագծի մշակման նախանախագծային փուլում։
Մեծամորի մոտ գտնվող ՀԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, շահագործման էր հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել էր 1989 թվականի մարտին` Սպիտակի երկրաշարժից հետո: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին` հանրապետությունում սուր էներգետիկ ճգնաժամի առնչությամբ: Կայանի երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորներով: Առաջին բլոկն այժմ կանգնեցված է: Կայանին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40%-ը: Փորձագետների գնահատականների համաձայն, կայանի շահագործման ռեսուրսն ասպառվում է 2016 թվականին: Այժմ աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2027 թիվը երկարաձգելու համար: Նախագծի իրագործման համար նախորդ տարվա վերջին Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն, ռուսական կողմը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի` 15 տարվա ընացքում մարման պայմանով` 3% տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, նույն նպատակների համար Ռուսաստանի Դաշնությունը 30 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին: Երկրի էլեկտրամատակարարման խնդիրը կարող է լուծել միայն նոր բլոկի կառուցումը, որը Հայաստանի վրա կնստի 5 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ բազմիցս բարձրացրել է ՀԱԷԿ փակելու հարցը` այդ նպատակով առաջարկելով 200 մլն դոլար: Սակայն երկրի իշխանությունները մերժել են այդ նախաձեռնությունը, հաշվի առնելով այն կարևոր դերը, որ կայանը խաղում է Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: