
Արմինֆո. Պետեկամուտների կոմիտեն պետք է ստուգի Հայաստանի բոլոր խոշոր և միջին ձեռնարկությունների աշխատանքը, այսօր կառավարության նիստում նման հանձնարարականով է հանդես եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Առաջինը. շատ է խոսվում հանրությանը բավական հետաքրքրող թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա: Բայց այս պահին ուզում եմ Պետական եկամուտների կոմիտեին տալ հանձնարարական. առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց գործառույթները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառում և գործունեության թափանցիկության ապահովում: Աշխատակազմին՝ նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարո՛ն Հովսեփյան, Դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու։ Որևիցե ձևակերպում, որևիցե ստուգում չպետք է խանգարի իրենց ամենօրյա գործունեությանը՚,- ասել է վարչապետը:
Մեկնաբանելով վարչապետի հանձնարարականը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ երկրի տնտեսությունն, իրոք, ծանր վիճակում է գտնվում: Նրա խոսքով, վարչապետի կողմից իրավիճակի գնահատականն օբյեկտիվ և համարձակ է: Այդպիսով՝ նա, կարծես, ընդունում է այդ մարտահրավերը, գտնում է Միության ղեկավարը՝ ավելացնելով, որ հարկային մարմիններին հանձնարարականը տրամաբանական է: Այսօր կարևորագույն հարցը խոշոր և միջին ընկերությունների կողմից իրենց հարկային պարտավորությունների կատարումն է: Կարևոր է նաև, շարունակել է Ա. Ղազարյանը, որ ստուգումները չպետք է խանգարեն ընկերությունների նորմալ գործունեությանը: