Արմինֆո. Հոկտեմբերի 10-11-ը Նյու Յորքում կայանալիք ներդրումային համաժողովում Հայաստանը կներկայացվի հավանական ներդրողներին, հոկտեմբերի 3-ին Երևանում ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանի շրջանակներում լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով, հիշյալ միջոցառումն իր մասշտաբով բացառիկ է Հայաստանի համար, կներկայացվի ութ ներդրումային ուղղություն: Ներդրումային համաժողովը, ինչպես նշել է փոխնախարարը, տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքում տեղի կունենա ՙՀայաստան-2016՚ ներդրումային համաժողովը՝ ուղղված դեպի Հայաստանի օտարերկրյա ներդրումների հոսքի խթանմանը: Համաժողովն ամենախոշորը կլինի Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Համաժողովին, ինչպես սպասվում է, կմասնակցեն աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններ: Համաժողովի անցկացումը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը՝ Ասիական զարգացման բանկի (ADB) աջակցությամբ, ՙԱմերիա՚ և ՙՊրագմա՚ խորհրդատվական ընկերությունների հետ համագործակցությամբ: Կազմակերպչական հարցերով զբաղվում է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ծրագիրն ուղղված է դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների խթանմանը, երկրի մրցակցային առավելությունների ներկայացմանը:
Ավելի վաղ «Ամերիա՚ ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշել էր, որ իրենց կողմից ներկայացվել են Հայաստանում ներդրումների համար շահավետ ոլորտների գնահատման մեթոդները:
Համաժողովի նպատակը Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, ներդրումային հնարավորությունների ներկայացումը, հավանական ներդրողների և անդրազգային կորպորացիաների հետ կապերի հաստատումը: Համաժողովին կնախորդեն նախամեկնարկային տարածաշրջանային շնորհանդեսներ, որոնք կկազմակերպվեն համաշխարհային խոշոր ֆինանսական կենտրոններում՝ տվյալ տարածաշրջանի ներդրողների համար: