Արմինֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայաստանյան բանկերից առաջինը սկսել է իրականացնել խորոշագույն ճապոնական JCB վճարային համակարգի քարտերի էքվայրինգ: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից:
Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի խոսքերով, դա կարևոր նշանակություն ունի Հայաստանում վճարային համակարգի զարգացման գործում և հանդիսանում է ևս մի քայլ բանկի վճարային պրոդուկտների ընդլայնման ուղղությամբ: «Քարտերի ընդունման կետերի քանակով JCB համակարգը առաջատար տեղ է զբաղեցնում Visa և MasterCard խոշորագույն վճարային համակարգերի շարքում: JCB քարտերը կարելի է օգտագործել ամենօրյա գնումների և գումարի կանխիկացման համար ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, հատկապես դեպի Ասիա-խաղաղօվկյանոսյան երկրներ ճամփորդության ժամանակ, օրինակ` Ճապոնիա, Չինաստան, Թայլանդ և Հոնգ Կոնգ»: Ռ. Խաչատրյանը վստահեցրեց, որ բանկի հաճախորդներն արժանվույնս կգնահատեն վճարային համակարգի առաջարկած ծառայության բարձր մակարդակը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում քարտային բիզնեսի հիմնադիրն է` մինչ օրս մնալով տվյալ ոլորտում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը: Բանկը հանդիսանում է միջազգային Visa, MasterCard և АrCa լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ: Visa համակարգի կողմից առաջինն է Հայաստանում հավաստագրվել համացանցում էքվայրինգ իրականացնելու համար: Բանկն առաջարկում է քարտային բիզնեսի բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները:
JCB-ն առաջատար միջազգային վճարային համակարգերից մեկն է, որը հիմնադրվել է 1961թ-ին Ճապոնիայում: Ներկայումս աշխարհում գործում է ավելի քան 95,6 միլիոն JCB քարտապան և 31,1 միլիոնից ավելի JCB քարտեր ընդունող առևտրի և սպասարկման կետեր` աշխարհի 190 երկրներում: JCB քարտերով իրականացվող գործարքների տարեկան շրջանառությունը 2015թ-ին կազմել է 205,2 միլիարդ ԱՄՆ դոլար: JCB մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է http://www.ru.jcb/ru/ և http://www.global.jcb/en/ կայքերում: