Արմինֆո. Հոկտեմբերի 17-19-ը Երևան էքսպո կենտրոնում հայկական նորաձևության արդյունաբերությունն իր ձեռքբերումները կներկայացնի Light Industry International Trade Show-ի ժամանակ: ՙԹեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր՚ խորագրով նախագիծն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:
Համաժողովի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, թեթև արդյունաբերության ոլորտի ազրգացման խթանումն է, տարածաշրջանային համագործակցության ներուժի ուսումնասիրումը, ինչպես նաև իրացման նոր շուկաների հայտնաբերումը և հավանական գործընկերների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորումը: Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտում ողջ արտադրական շղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ:
Նախագծի կազմակերպիչներն են՝ «Ատեքս՚ նորաձևության կենտրոնը, «Սիգնում՚ ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը: Սպասվում է, որ ցուցահանեսին կմասնակցեն թեթև արդյունաբերության ոլորտը ներկայացնող ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Եվրոպայի երկրներից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը տարվա առաջին 8 ամիսներին ցույց է տվել զգալի աճ`հագուստի արտադրությունն աճել է 32%, կոշիկի և կաշվե իրերի արտադրությունը` 26%: Անկում է արձանագրվել միայն տեքստիլի ոլորտում՝ 6%: Միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածում 60% աճել է արտահանման ծավալը, իսկ միայն կոշիկի արտահանումը` 126%: Այնուամենայնիվ, առայժմ արտահանման հիմնական ծավալը գնում է Եվրոպա, ինչը, ըստ անկախ փորձագետների, կապված է տոլինգային սխեմաներով արտադրանքի հետ: