
Արմինֆո. Հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ; Այդ մասին Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Գոլուբևի մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նոր թափ կհաղորդի տարածաշրջանային փոխգործակցությանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի իրացման նպատակով հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել համագործակցության զարգացումը մի շարք ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության և զբոսաշրջության:
Ռոստովի նահանգապետը նշել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի և գործարար շրջանակների հետ փոխգործակցության զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը նպաստելու նպատակով: Այդ գործում Վասիլի Գոլուբևը կարևորել է նաև Ռոստովի հայ համայնքի ակտիվ գործունեությունն ու ներգրավվածությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը ստորագրել են ՀՀ կառավարության և Ռոստովի նահանգի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Հայաստանի հետ Ռոստովի նահանգի արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ. առաջին կիսամյակի տվյալներով կազմել է $14,4 մլն, այդ թվում՝ արտահանումը $12,8 մլն, ներմուծումը $1,6 մլն: Հայաստանի մասնաբաժինը Ռոստովի նահանգի արտաքին առևտրաշրջանառությունում 2015 թվականին չի գերազանցել 1%-ը: Կողմերի կարծիքով, տնտեսական և գիտամշակութային փոխգործակցությունը, համաձայնագրի շնորհիվ, զգալիորեն կընդլայնվի:
RUB | 4.84 | 0.02 |
USD | 381.12 | -0.19 |
EUR | 441.07 | 1.11 |
GBP | 501.55 | 1.00 |
CAD | 270.57 | 0.39 |
JPY | 24.36 | -0.03 |
CNY | 53.83 | 0.02 |
CHF | 472.50 | 1.63 |

