Արմինֆո. Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պայմաններում երկրի տնտեսական վերածնման համար Հայաստանը պետք է առաջին հերթին կենտրոնանա տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտի վրա: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Ռադիշևսկին՝ խոսելով Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր ուղիների մասին:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է օգտագործել ՙհայերի ուղեղները և հայկական սփյուռքին՚: Չնայած ՏՏ ոլորտում առկա մեծ ներուժին, փորձագետը կարծում է, որ դրա իրական զարգացմանը խանգարում են տեղական բյուրոկրատիան և մեծ հարկերը: ՙՔաղաքական գործիչների խնդիրն է՝ ազատվել դրանից և իրենց ողջ ներուժը բացահայտելու հնարավորություն տալ հայ երիտասարդությանը և գիտնականներին՚,- հայտարարել է նա:
Փորձագետի կարծիքով, Հայաստանը բավարար չափով չի օգտագործում նաև զբոսաշրջության ոլորտում առկա ներուժը: Նրա խոսքով, Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է՝ հին ավանդույթներով, որոնց մասին քչերը գիտեն: ՙԱյն առաջին քրիստոնյա երկիրն է, բայց այդ մասին քչերը գիտեն աշխարհում: Դրանից ելնելով՝ Հայաստանին անհրաժեշտ է խթանել քրիստոնեական տուրիզմը՚,- հայտարարել է Ռադիշևսկին: Այդ նպատակով փորձագետը խորհուրդ է տալիս բարելավել տուրիստական ենթակառուցվածքը, ավելի բազմազան դարձնել այն և, միգուցե, ինտեգրվել Վրաստանի հետ, որպեսզի, ՙեթե մարդիկ եկել են Ամերիկայից, նրանք հնարավորություն ունենային այցելելու միաժամանակ թե Վրաստան, թե Հայաստան՚: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է միջազգային զբոսաշրջային այցերի 2,5% աճ, ներքին զբոսաշրջության աճը կազմել է շուրջ 20,8%: Վերջին 5 տարում դեպի Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է տարեկան 9% : 2015 թ. տվյալների համաձայն, Հայաստան է այցելել շուրջ 1,2 մլն զբոսաշրջիկ: Դինամիկ զարգացում է ապրում նաև ներքին զբոսաշրջությունը՝ 5 տարվա ընթացքում կազմելով միջինը 14,5%, ինչին զգալիորեն նպաստել է սոցիալական փաթեթների ներդնումը: Վերջին հինգ տարում կառուցվել է ավելի քան 20 հյուրանոց, ոլորտի շուրջ 100 այլ սուբյեկտ, ընդհանուր առմամբ ստեղծվել է տասը հազար մահճակալ:
2015 թվականին ՏՏ ընկերությունների շրջանառությունը Հայաստանում աճել է 21% և կազմել $425,5 մլն: Ընդհանուր առմամ 2010 –15 թթ. ՏՏ ոլորտն աճել է տարեկան միջինը 20,1%: Այդ ոլորտում գործում է ավելի քան 450 ընկերություն և աշխատում շուրջ 13 հազար մասնագետ: 2016 թ. առաջին եռամսյակում ամերիկյան ներդրումների մաքուր հոսքը Հայաստանի ՏՏ ոլորտ կազմել է 97 մլն դրամ՝ 23,1% տարեկան անկումով: