Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016 19:00
Կարինա Մելիքյան

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Յունիբանկի բաժնետոմսերը երկրորդային «B» ցուցակից տեղափոխվել են բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Յունիբանկի բաժնետոմսերը երկրորդային «B» ցուցակից տեղափոխվել են բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ

Արմինֆո. 2016 թվականի հոկտեմբերի 20-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի հուլիս ամսվա լրացուցիչ տեղաբաշխման սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Մինչ այդ, հոկտեմբերի 17-ին Բանկի բաժնետոմսերը Բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվել են բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ, որի արդյունքում Յունիբանկը դարձել է բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում ընդգրկված առաջին բաժնետիրական ընկերությունը: 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 12,173,914 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում է 144,547,732 բաժնետոմս:

Աղբյուրի համաձայն, Բանկի նշված բաժնետոմսերի` ս.թ. հուլիսի 27-29-ի ընթացքում նախատեսված տեղաբաշխման առաջին օրվա ընթացքում կնքվել է 48 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է հայտարարված ողջ ծավալը՝ 12,173,914 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,800,000,220 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:

Յունիբանկի հաղորդագրության մեջ նշվբած է, որ բաժնետոմսերը երկրորդային «B» ցուցակից բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ տեղափոխումը հնարվոր է դարձել ծավալների ավելացման շնորհիվ: Ներկայումս Յունիբանկի ազատ շրջանառվող բաժնտոմսերը կազմում են 15.8%, ինչը վկայում է այդ բաժնետոմսերի սակարկությունների ծավալների աճի և բարձր իրացվելիության մասին: Վերջին 12 ամիսներին Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 3 էմիսիա, իսկ այս տարվա աշնանը նախատեսվում է ևս մեկը:

Այս թողարկումների շրջանակներում հայտարարված բաժնետոմսերի ամբողջական տեղաբաշխումը Յունիբանկին թույլ տվեց մոտ 41% ավելացնել կապիտալը, ապահովելով ավելի քան 31 մլրդ.դրամ: Ըստ Բանկի, կապիտալի ավելացման կապակցությամբ Moody's Investors Service-ն ավելացրել է վարկային վարկանիշի կանխատեսումը` մինչև «Դրական» (հավանաբար խոսքը գնում է «կայուն կանխատեսման» մասին, բայց վարկանիշային սանդղակում բանկի վարկանիշը չի նշվում.-խմբ):

Նշենք, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿե ԲԲԸ-ն  հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին, 2015-ին դառնալով ԲԲԸ: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Յունիբանկի բաժնետերերն են`Gloveri Holdings Ltd- 93.5%, Գագիկ Զախարյանը – 3.25% և Գեորգի Պեսկով – 3.25%: Այս երկու բանկիրներն էլ հանդիսանում են մոսկովյան Յունիաստրում բանկի և ՅՈՒՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների համակարգի նախկին սեփականատերերը, իսկ այժմ հանդիսանում են Gloveri Holdings Ltd օֆշորային ընկերության բաժնետերերը: 2008 թվականից Յունիբանկը ֆոնդային բորսայ մասնակից է, իսկ 2015 թվականի հուլիսից - արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: IPO-ի նախաշեմին Յունիբանկի բաժնետերերի արտահերթ նիստում (12 մարտի 2015 թ.), որոշվել է փոխել բանկի կարգավիճակը` ՓԲԸ-ից ԲԲԸ, ինչը հետագայում (23 հունիսի 2015 թ.) հաստատվեց Կենտրոնական բանկի կողմից:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: