Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:
Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ընկերությունների զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը հետաքրքվել է նրանց խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, արտահանման աճին և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է ընկերությունների ներկայացուցիչներին պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն: Վարչապետը կարևորել է արտադրական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին:
«Գյուղնախարարի հետ քննարկում և այժմ բանակցում ենք, որպեսզի մասնավորի հետ ստեղծենք մի ընկերություն, որը կզբաղվի հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ: Բայց լինելու են շատ հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որ իրենք կարողանան հանգիստ գումար ներդնել և սկսեն զբաղվեն շուկայի որոնմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |