Արմինֆո. Հոկտեմբերի 21-ին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով «Այբ» դպրոցում մեկնարկեցին հեռահար ուսուցման փորձնական դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև, որոնք իրականացվում են գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակներում։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Ռոստելեկոմի» ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայության կիրառմամբ Երևանի «Այբ» դպրոցից միաժամանակ կապ հաստատվեց Կապանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։ «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանի և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի օգնությամբ իրականացվեց ինտեգրված դաս՝ «Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով։
«Նոր տեխնոլոգիաների մուտքը մեր առօրյա արդեն իրողություն է, և «Ռոստելեկոմը» շարունակական ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներ՝ այդ թվում նաև կրթության ոլորտ նոր գերարագ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ»,-նշեց հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Դասի ընթացքում իրականացվեցին փորձ-ցուցադրություններ, իսկ հարց-քննարկումներն ապահովեցին երեխաների առավելագույն ներգրավվածությունը։ Ավարտին երեխաները լիմոնից և խնձորից պատրաստեցին հոսանքի աղբյուր ու մասնակցեցին ակտիվ հարց ու պատասխանին։
Դասընթացը սովորեցրեց աշակերտներին սահմանել էլեկտրական հոսանքը, ներկայացնել շղթաներում հաջորդական և զուգահեռ միացման հատկությունները, սահմանել իոնը և բացատրել դրա առաջացումը, ներկայացնել ատոմներում էլեկտրոնների կապի էներգիաների տարբերությունների կիրառությունը (կիտրոնի և քացախաթթվի էլեկտրահաղորդականության օրինակով), ինչպես նաև նկարագրել հոսանքի քիմիական աղբյուրները։
Հեռահար ուսուցման դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև շարունակական բնույթ են կրելու։
Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ը (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է, որը հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ. սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: